Միջազգային հանրության անդամների մեջ փոխըմբռնումը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ազդեցությունը կարող են օգնել Սիրիային դուրս գալ սուր ներքաղաքական ճգնաժամից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
«Տարածաշրջանային առաջնորդները պետք է կարևոր դեր խաղան՝ ստեղծելու համար այնպիսի պայմաններ, որոնք կնպասեն ճգնաժամի հաղթահարմանը: Ես նաև կոչ եմ անում Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային շփման կետեր գտնել՝ որպեսզի օգնեն սիրիացիներից ինքնուրույն գծել իրենց ուղին դեպի համընդհանուր քաղաքական փոփոխություններ, որոնք տեղի կունենան խաղաղ և ժողովրդավար ճանապարհով»,- ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է գիտակցեն, որ «հակամարտության կարգավորման ճանապարհը ոչ թե զինված դիմադրության, այլ երկխոսության մեջ է, որը հաշվի կառնի բոլոր սիրիացիների իրավունքները և ազատությունները»:
Պան Գի Մունը նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով նոր հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին՝ այդ դժվարին գործը ստանձնելու համար: Նա նշել է, որ մոտ ժամանակներս Բրահիմին «կմեկնի Կահիրե՝ Արաբական պետությունների լիգայի հետ հետագա խորհրդակցության համար, որից հետո ամենակարճ ժամկետում կմեկնի Դամասկոս»:
Պան Գի Մունն անդրադարձել է նաև Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ նշելով, որ այն գնալով վատթարանում է: Նրա խոսքերով՝ ավելի քան 2.5 մլն մարդ Սիրիայում օգնության կարիք ունի, նրանցից 1.2 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները:







































