Ռուսական լրատվական տիրույթում է հայտնվել մի տեղեկատվություն, որի պարագայում տեղեկատվական աղբ բնորոշումը կարող է շատ մեղմ ու քաղաքակիրթ թվալ: Տեղեկատվության մեջ նշվում է, որ անանուն մի նամակ է ստացվել խմբագրություն, որտեղ ասվում է, որ ԱՍԱԼԱ-ն՝ Հայ ազատագրության գաղտնի բանակ կազմակերպությունը, մահապատիժ է սահմանել Ռամիլ Սաֆարովի համար, և այն ի կատար կածվի երկու տարվա ընթացքում: Սակայն բանը միայն դա չէ: Անանուն նամակի մեջ, որտեղ ԱՍԱԼԱ-ի անունից է խոսվում, բավական կոշտ մեղադրանքներ են հնչում Արևմուտքի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հասցեին, որոնք, իբր, մեղավոր են, մասնակից Ռամիլ Սաֆարովի ազատմանը:
Այսպիսով, ռուսական տեղեկատվական տիրույթը հայկական հայտնի կազմակերպության անունից կեղտ է լցնում և մեղադրական սլաքներ ուղղում Արևմուտքին` միաժամանակ փորձելով խփել երկու նապաստակ, նախ` վարկաբեկել հայկական կազմակերպությանը, հայությանը և Հայաստանը` որպես պետություն, որովհետև Հայաստանի համար վարկաբեկիչ է, երբ պետությունը կա, սակայն նմանօրինակ լուրջ հարցերում որոշումներ է կայացնում ԱՍԱԼԱ-ն: Սրանով, փաստորեն, փորձ է արվում նաև պետության ու սփյուռքի միջև շահերի բախում ու հակադրություն առաջացնել, իսկ մյուս կողմից էլ` հայերի անունից վարկաբեկվում է Արևմուտքը:
Ռուսական այդ կեղտոտ տեղեկատվական հնարքը միանգամայն բնորոշ և համահունչ է այդ երկրի պետական կեցվածքին նույն Սաֆարովի հարցում: Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ըստ էության ոչինչ չասող, բազմիմաստ մի հայտարարություն տարածեց չորս օր ուշացումով: Տեղեկատվությունը հրապարակ է նետվում, այսպես ասած, ոչ պոպուլյար լրատվամիջոցների միջոցով, որոնք իրենց գոյությունը պահպանում են նաև ադրբեջանական փողերի շնորհիվ, սակայն այդ փողերը Ռուսաստանում տեղեկատվական ջրեր են պղտորում ամենևին ոչ առանց Կրեմլի ֆունկցիոներների և նրանց ղեկավարների լուռ գիտության, իսկ հաճախ նաև գործնական, մինչև անգամ գաղափարական հովանավորությամբ, որովհետև պարզապես անհնար է պատկերացնել, որ պուտինյան Ռուսաստանում ադրբեջանական նավթային գումարները հանկարծ որևէ` թեկուզ աննշան տեղեկատվական կոմբինացիաներ իրականացնեն, որոնք չեն բխում Ռուսաստանի շահերից ու ցանկություններից:
Այնպես որ` Ռուսաստանը հերթական «հաճելի», «եղբայրական» անակնկալն է մատուցում հավերժ երախտապարտ հայ ժողովրդին: Դե, իսկ մերոնց էլ ընդամենը մնում է որոշել, թե ինչպես պետք է արդարացվի Ռուսաստանի հերթական սադրանքը հայ ժողովրդի ու հայկական պետության շահի, պատվի ու արժանապատվության դեմ:








































