Եգիպտական «Ալ-Ահրամ» պետական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսը դեմ չէ իրանական նավթի ներկրմանն ու վերամշակմանը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նավթարդյունաբերության նախարար Ուսամա Քամալը:
Վերջինիս խոսքերով՝ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիիի՝ ոչ վաղ անցյալում կատարած իրանական այցը դռներ կբացի երկու երկրների տնտեսական համագործակցության առջև: Մուրսին օրեր առաջ Թեհրանում մասնակցել է Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին:
Դրանով իսկ Մուրսին դարձել էր Եգիպտոսի առաջին նախագահը, որը 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո այցելել է այս երկիր: Ներկայումս իրանական նավթի արտահանումը շարունակում է կտրուկ անկում ապրել, ինչի պատճառը դրա նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած բազմաթիվ պատժամիջոցներն են:









































