Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ուրբաթ օրը չի մասնակցել Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստին:
Այդ նույն օրը թե՛ նախագահականի և թե՛ ԱԱԽ մամուլի ծառայություններից փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը, որ ԲՀԿ ղեկավարը չի մասնակցել այդ նիստին: Արդյոք հրավիրել են՝ նա՞ չի մասնակցել: Իսկ եթե չեն հրավիրել, ապա ի՞նչն է պատճառը: Բացի այդ, փորձել էինք պարզել, թե որո՞նք են Գ. Ծառուկյանի՝ ԱԱԽ անդամ լինելու իրավական, քաղաքական կամ տրամաբանական հիմքերը:
Անցած չորս օրերի ընթացքում նախ ԱԱԽ մամլո ծառայությունից մեզ պատասխանեցին, որ ԱԱԽ անդամներին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը, և այդ հարցերի պատասխանը պետք է ստանալ նախագահի մամլո ծառայությունից: Այդ հարցերն ուղղեցինք նախագահի մամլո ծառայություն: Ս. Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն էլ երեկ «Առաջին լատվական»-ին տվեց հետևյալ պատասխանը. «Հարցերը ուղղված են ոչ ճիշտ հասցեատիրոջ: ՀՀ ԱԱԽ գործունեությանը վերաբերող հարցերը հարկ է ուղղել ՀՀ ԱԱԽ»:
Երեկ նույն հարցերը նորից ուղղեցինք ԱԱԽ մամլո ծառայություն և մինչ այս պահը դեռ ոչ մի պատասխան չենք ստացել: Ավելին՝ այնտեղից արդեն չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ անցած տարի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մեկնաբանելով Գ. Ծառուկյանի՝ ԱԱԽ անդամ լինելու հանգամանքը, այսպես էր հայտարարել. «Այսօր Հայաստանում իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ընդգրկված են պետական կառավարման օղակներում, և այդ որոշումը դրա շրջանակներում է»: Այդ դեպքում այսօր, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ և քաղաքական պատասխանատվություն չի կրում իշխանության գործունեության համար, ի՞նչ հիմնավորումներով է շարունակում մնալ ԱԱԽ անդամ՝ քաղաքակա՞ն որևէ հիմնավորմամբ, թե՞ պարզապես նախագահի ցանկությամբ: Այս հարցին այսօր թե՛ նախագահի և թե՛ ԱԱԽ գրասենյակներից չեն ցանկանում պատասխանել:
Փաստորեն, Գ. Ծառուկյանի՝ ԱԱԽ անդամ լինելու հարցն ունի ՀՀ ազգային անվտանգության առումով հույժ գաղտնի նշանակություն: Կամ էլ դա այնքան անհեթեթ հանգամանք է, որ ՀՀ երկու բարձրագույն ատյանները այս չորս օրերին որևէ հոդաբաշխ մեկնաբանություն չեն կարողանում գտնել:









































