Ռուսական բիզնեսի` ստվերում թաքնվելու հիմնական պատճառը չինովնիկների չափից դուրս ուշադրությունիցև ոչ թե հարկերից խուսափելն է, ինչպես ավանդաբար կարծում են: Այս մասին այսօրվա իր համարում գրել է «Վեդոմոստին»` հղում անելով ավելի քան 30 ռուսական խոշոր ու մանր ընկերությունների թոփ-մենեջերներին:
Թոփ-մենեջերներին խնդրել են նշել 9 պատճառ բիզնեսը բաց վարելու ու 6 պատճառ` ստվերում թաքնվելու համար:
Հարցվածների 91.3 տոկոսը ցանկություն է հայտնել խուսափել վերահսկողական ծառայությունների անառողջ ուշադրությունից, որը ստվերում թաքնվելու չափազանց կարևոր պատճառներից է:
Երկրորդ հորիզոնականում հարկեր չվճարելու ցանկությունն է, երրորդ պատճառ գործարարներն անվանել են կրիմինալի առկայությունը, ապա ` չինովիկների թշնամական վերաբերմունքը, աշխատակիցների առաջ պարտականություններից խուսափելը, ավելորդ ձևականությունների հանդեպ վախը։
«Սպիտակ բիզնեսի» օգտին հիմնական փաստարկը լավ որակավորված անձնակազմի համար մրցակցությունն է` լավ աշխատակցին դժվար է գրավել «վատ» աշխատավարձով: Երկրորդ հորիզոնականում ընկերությունը հրապարակային դարձնելու ձգտումն է, ապա արտերկրից էժան վարկեր ստանալու ցանկությունը, չորրորդում` արտասահմանյան ընկերությունների հետ զարգացման ծրագրեր մշակելը, հինգերորդում` վարկերի արժեքի նվազեցումը, ինչպես նաև պետական մարմինների հետ աշխատանքային նորմալ հարաբերությունների հաստատումը:
«Ռոսստատի» տվյալներով` 2011 թ. Ռուսաստանում ստվերային տնտեսության ծավալը կազմել է 15 տոկոս: 1990-ականներին ցուցանիշը 22-23 տոկոս էր:
Ռուս գործարարները դժգոհ էին մասնավորապես հարկերի բարձրացումից և ապահովագրական վճարների մեծացումից, ինչը 2011-ից հետո ստիպել է թաքնվել ստվերում:









































