Մեծ Բրիտանիայում վաճառվելու է բոլորովին պատահաբար հայտնաբերված Չարլզ Դիկենսի նամակը, որն ի հայտ է եկել 150 տարի անց:
Նամակի ներկայիս տերը` բժիշկ Ջեկի Շիանը պատմում է, որ երբ իր ազգականուհին Գլոստերշիր կոմսության իր տանը մաքրման աշխատանքներ էր իրականացնում, հին «Աստվածաշնչից» պատահաբար ընկում է մի թղթի կտոր, որը որպես էջանիշ էր ծառայում: Այդ թղթի վրա դժվար չէր նկատել Դիկենսի ստորագրությունը և տարեթիվը` 1858 թ.:
Փորձագետները հաստատել են Դիկենսի ձեռագիրը: Այդ ազգականուհին պատմել է, որ «Աստվածաշունչը» իրեն է նվիրել ծեր հարևանուհին` ծերանոց տեղափոխվելուց առաջ: Իսկ թե ինչպես է հայտնվել գիրքն այդ կնոջ մոտ, հայտնի չէ:
Նամակը Դիկենսը ուղղել է իր փաստաբանին, որտեղ պատմում է, որ գտնվում է կյանքի դժվարին փուլերից մեկում, երբ ապահարզան է տալիս իր համար 10 երեխա լույս աշխարհ բերած կնոջը` Քեթրինին: Վերջինս իմացել էր ամուսնու դավաճանության մասին՝ 18-ամյա դերասանուհու հետ, և միանգամից ապահարզան էր պահանջել: Դիկենսն իր փաստաբան Ֆրեդերիկ Ուվրիի հետ քննարկում է այդ գործընթացի մանրամասները և առաջարկում իր կնոջը ամսեկան վճարել 600 ֆունտ:











































