Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ ՊՍԺ տեղափոխության վերաբերյալ պտտվող լուրերի մասին:
«Մեր թիմը երբեք չի մտածել Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Գոհ ենք մեր վարած տրանսֆերային քաղաքականությունից: ՊՍԺ-ն ոչ մի տեսակ բանակցություն չի վարում «Ռեալ»-ի հետ»,- մասնավորապես ասել է Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդ» – «Գրանադա» խաղից հետո, մեկնաբանելով հանդիպումը, նշել է նաև, որ ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից: Ռոնալդուն այս հարցով խոսել է անձամբ «Ռեալ»-ի նախագահի՝ Ֆլորենտինո Պերեսի հետ: Պորտուգալացին ասել է Պերեսին, որ իր խնդիրները մասնագիտության վերաբերյալ են: Նա նաև Պերեսին խնդրել է հնարավորություն տալ իրեն լքել ակումբը:
Նշենք, որ այս հարցով բազմապիսի մեկնաբանություններ են տրվում՝ ընդհուպ հասնելով նրան, որ Ռոնալդուն երեկ գոլը մեծ խանդավառությամբ չի տոնել այն պատճառով, որ մի քանի տարի առաջ այդ օրը (սեպտեմբերի 2-ին) մահացել է նրա հայրը:







































