Օգոստոսի 27-ին Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի սկզբին Իրաքի փոխվարչապետի` Հայաստան կատարելիք այցի հետ առընչվող հարցերը, ինչպես նաև երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտները: Ռ. Շաուեյսը նշել է, որ ինքն ակնկալում է, որ իր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-իրաքյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նույն օրը դեսպան Մուրադյանը հանդիպում է ունեցել Իրաքի մյուս փոխվարչապետ Սալահ Ալ-Մութլաքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են Իրաքի և Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում Իրաքի ներքաղաքան իրավիճակի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Դեսպան Մուրադյանի հաջորդ հանդիպումը կայացել է օգոստոսի 29-ին Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Լուբեյդ Աբաուիի հետ: Կողմերը քննարկել են Երևանում Իրաքի դեսպանության բացման և երկկողմ իրավապայմանագրային դաշտի ստեղծման հետ կապված խնդիրները:
Բարձր գնահատելով Իրաքում Հայաստանի դեսպանության բացումը` Լ. Աբաուին նշել է, որ ինքն անձամբ հետամուտ կլինի Երևանում Իրաքի դեսպանության բացման հարցի կապակցությամբ:










































