Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի ուժային կառույցների աշխատակիցների կողմից Դաղստանին սահմանակից հատվածում իրականացրած հատուկ գործողության ժամանակ ոչնչացված զինված անձանց խումբը կարող էր ուղևորվել Սիրիա՝ ապստամբներին օգնելու:
Թերթն այս պնդման հարցում հենվում է այդ գործողությանն ականատես տեղաբնակների հետ զրույցների հիման վրա, որոնք ասում են, թե երիտասարդ վահաբիներն ուղևորվում էին Սիրիա: Նշվում է, որ զոհվածներից մեկն այդ խմբին միանալու համար նույնիսկ Ավստրիայից է ժամանած եղել:
Տեղաբնակները հավելել են, որ օրեր առաջ հովիվները հանդիպել են այդ խմբի մի քանի վիրավոր զինյալի, որոնք հատել են երկրի սահմանը: Ընդհանուր առմամբ, վրացի ուժայիններին հաջողվել էր այդ հատուկ գործողության ժամանակ ոչնչացնել 11 զինյալի:









































