ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվել պատրաստվող դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 1 տոկոսով բարձր է հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի վարկանիշից: Սեպտեմբերի 1-ին անցկացված Reuters/Ipsos համատեղ սոցիոլոգիական հետազոտության տվյալներով` Օբամային աջակցություն է հայտնել հարցվածների 44 տոկոսը, իսկ Ռոմնիին` 43 տոկոսը:
Նշենք, որ Տամպա քաղաքում օրերս անցկացված Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ Ռոմնիի վարկանիշը գործող նախագահի նկատմամբ 2 տոկոսով ավելի էր: Փորձագետները կարծում են, որ դա պայմանավորված էր այդ օրերին հանրապետականների նկատմամբ ուշադրության թուլացմամբ:
Սոցիոլոգիական հարցումները նաև ցույց են տվել, որ ընտրելու իրավունք ունեցող և հանրապետականների համագումարին հետևած քաղաքացիների 39 տոկոսը կարծում է, որ միջոցառումը հիանալի է անցել: Նույնքան մարդ կարծում է, որ այն ոչնչով աչքի չի ընկել:
Հարցումներն անցկացվել են համացանցով` 1505 գրանցված ընտրողների շրջանում:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կանցկացվեն նոյեմբերի 6-ին և կդառնան ԱՄՆ 57-րդ ընտրությունները: Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2013-ի հունվարի 20-ին:









































