Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ափ են նետվել կարճ լողակներ ունեցող օդաչու-կետեր: Չնայած Առափնյա պահպանության ծառայության և անասնաբույժների ջանքերին` հաջողվել է փրկել միայն նրանցից 5-ին: Ֆլորիդայի Ձկնորսության և վայրի բնության պահպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Կարլի Սիջելսոնի խոսքով` փրկված կենդանիները տեղափոխվել են անասնաբուժական վերականգնողական կենտրոն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Սիջելսոնի խոսքով` կետերը ափ են նետվել նահանգի ատլանտյան ափին` Ֆորտ Փիրս քաղաքի մոտ: Նա նշել է, որ օդաչու-կետերը համարվում են կետերի առավելապես խելացի տեսակ և նախընտրում են մնալ խորություններում: Գիտնականները երկար տարիներ փորձում են հասկանալ, թե ինչն է նրանց ստիպում ափ նետվել: Հիմնական վարկածն այն է, որ կենդանիներին ինքնասպանության են դրդում մակաբույծները` խաթարելով կենդանիների ուղեղի աշխատանքը: Հերթական դեպքի հնարավոր պատճառների մասին կհաղորդվի ուսումնասիրություններից հետո:
«Օդաչուները» դելֆինակերպերի ընտանիքի խոշորագույն ներկայացուցիչներն են: Նրանք ունեն սև գունավոում` կզակին սպիտակ բծով: Կենդանիների երկարությունը հասնում է 8,5 մետրի, կշռում են միջինը 1 տոննա, չնայած երբեմն հանդիպում են նաև 2 տոննա քաշ ունեցողներ:









































