Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան հայկական դիվանագիտության սխալն է: Բողոքելով արտգործնախարարի և իշխանության քաղաքականությունից՝ Հայազն միության երիտասարդները, Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից վիրավորված քաղաքացիները ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ բազմամարդ ակցիա կազմակերպեցին՝ ընդդեմ ՀՀ արտաքին քաղաքականության:
Հայազն միության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը ևս մեկ անգամ դատապարտելով 8 տարի առաջ Հունգարիայում կատարված ոճրագործությունը՝ կարծիք հայտնեց, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է հրաժարվի իր պաշտոնից:
Խնդրով անհանգստացած քաղաքացիներին իրենց զորակցությունը հայտնեց նաև եզդիների համայնքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խդր Հաջոյանը նշեց, որ ինչպես միշտ եզդի ազգը եղել է հայերի կողքին, այնպես էլ այսօր այս մեծ ցավը կիսում է իր եղբայրների հետ համահավասար:
Իր հիասթափության խոսքն ասաց նաև հունգարացի հայագետ Բենեդեգ Շիգմունդը: Նա նշեց, որ ինքն իրեն հայ է համարում և երեկ ցնցվել է Հունգարիայի կառավարության կայացրած որոշումից: Ազգությամբ հունգարացի հայագետի խոսքով իր ամբողջ գործունեությունը, կյանքը քայքայվել է. «Ներողություն եմ խնդրում հայ ազգից և Գուրգեն Մարգարյանի հարազատներից` երեկվա Հունգարիայի կառավարության կայացրած որոշման համար: Ես չեմ կարող համաձայն լինել այս որոշման հետ, քանի որ 8 տարի առաջ կատարվածը հանցագործություն էր մարդկության դեմ: Տեղի ունեցածը համարում եմ Հունգարիայի կառավարության մեծագույն սխալը»,-ասաց հայագետը:
«Ամո՛թ, ծախված Հունգարիա» գոչելով՝ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հունգարիայի հյուպատոսարան:
Այս պահին հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Հունգարիայի հյուպատոսարանի մոտ, այն բանի համար, որ էթնիկական հողի վրա հայազգի սպային կացնահարած Ռամիր Սաֆարովին Հունգարիան հանձնեց Ադրբեջանին:









































