Aravot.am-ը զրուցեց Սամվել Թանգյանի հետ, որին ՀՀԿ-ի տեղական տարածքային կազմակերպությունները ներկայացրել էին որպես Սիսիանում քաղաքապետի իրենց հավանական թեկնածու, սակայն ՀՀԿ վերնախավը գտավ, որ Սիսիանում իրենք պետք է սատարեն ԲՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին:
Թերթի հարցին` ՀՀԿ-ի կողմից ճնշումների ներքո չեք առաջադրվե՞լ և ընդհանրապես` ինչպե՞ս եք գնահատում ներկայիս քարոզարշավը Սիսիանում` նա պատասխանեց. «Ինձ վրա ճնշումներ չեն եղել, քարոզարշավը ընթանում է շատ նորմալ: Հետո էլ ես այնքան էլ այն անձնավորությունը չեմ, որ ինձ վրա ճնշում գործադրելն այդքան հեշտ լինի: Ես Աժ-ի համար էլ եմ թեկնածությունս առաջադրել, քաղաքապետի համար էլ: Այն, ինչ որ արել եմ` ինքնուրույն եմ որոշել` ինքս իմ համար ճանապարհ հարթել: Ուղղակի հարցն այնպես առաջացավ, որ ես մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն եմ, ավելի հարմար համարվեց, որ ես մնամ իմ տեղում, ոչ թե քաղաքապետի տեղում: Բնականաբար, որոշեցի թեկնածությունս չառաջադրել»:
«Առավոտ»-ի հարցին` չե՞ք վիրավորվել ՀՀԿ-ից, որ նման որոշում կայացրեց, որ Ձեզ ներկայացրեցին, բայց, փաստորեն, ՀՀԿ վերնախավը, այսպես ասած, «դաբրո» չտվեց` նա պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է վիրավորվեմ: Չէ, դաբրոյի խնդիր չի եղել, ոչ ոք ոչինչ չի ասել, ուղղակի ես ինքս անձամբ եմ որոշել` իմանալով իրավիճակը»:
Երբ թերթը հետաքրքրվեց` եթե վիրավորված չեք, ինքներդ Սիսիանում ո՞ւմ եք սատարելու` պարոն Թանգյանը պատասխանեց. «Սիսիանում ես ինքս կուզենամ, որ ընտրությունները լինեն ազատ, որ ժողովուրդը գտնի իր քաղաքապետին, որ այդ քաղաքապետն իրոք լինի ժողովրդի ընտրյալը, որ կարողանա ժողովրդին ծառայել»: Թերթը ճշտեց` նախընտրելի թեկնածու ունե՞ք: Սամվել Թանգյանը պատասխանեց` չունի. «Իրար հետ մենք կաշխատենք, ես կուզենամ, որ Սիսիանի համար ով էլ ընտրվի, իրոք ընտրյալ քաղաքապետ լինի, ժողովրդի համար լինի»: Ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն արդեն ցույց է տվել, թե ինչպես է աշխատել: Հարցին` գո՞հ եք նրա աշխատանքից` Ս. Թանգյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատանքը ես չէ, որ պիտի գնահատեմ, այսօր ժողովուրդն է տեսնում, աշխատանքից գոհ կամ դժգոհ լինելը ամսի 9-ին ցույց կտա»:
Դիտարկմանը` մենք տեսանք, թե ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները, ազնի՞վ կլինի պայքարը, արդար ընտրություններ կլինե՞ն` պարոն Թանգյանը վստահեցրեց, որ Սիսիանում միշտ էլ արդար ընտրություններ են լինում. «Ես Սիսիանում ամբողջովին հետևում եմ, բացարձակապես խախտումներ չեն լինում, մեկը մեկին վիրավորել, բան չի լինում, թող մեկը փորձի մի ավելորդ բան անի, հատկապես այս ՏԻՄ ընտրությունները առավել ևս գնալու են լրիվ արդար»:











































