Գերմանական Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը առաջին օրը կտարածվի միայն երկրի խոշորագույն` Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի վրա: Գործադուլն այնտեղ սկսվել է Մոսկվայի ժամանակով 07:00-ին և կավարտվի 15:00-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը: Գործադուլը կազմակերպել է «Բորտուղեկցորդների անկախ կազմակերպություն» արհմիությունը:
Բոլոր հետաձգվելիք կամ չեղյալ հայտարարվելիք չվերթների ուղևորներն այդ մասին կծանուցվեն: Այսօր օդանավակայանը պետք է սպասարկի 480 չվերթ: Թե քանի չվերթ կտուժի գործադուլից՝ չի հաղորդվում:
Արհմիությունը, որի շարքերում հաշվվում է շուրջ 19 հազար բորտուղեկցորդ, գործադուլի կոչ է արել այն բանից հետո, երբ երեքշաբթի ձախողվեցին սակագնային համաձայնագրերի վերանայման բանակցությունները: Աշխատավարձերի 5 տոկոսի բարձրացում պահանջող արհմիության վեճը Գերմանիայի խոշորագույն ավիափոխադրողի հետ շարունակվում է ավելի քան 1 տարի: