Այսօր լրանում է Քոֆի Անանի` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակի պարտականությունների ժամկետը: Հատուկ պատվիրակի պաշտոնում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշանակվել էր փետրվարին և ակտիվ աշխատել Սիրիայի կառավարության ու ընդդիմության հաշտեցման ուղղությամբ: Նա սիրիական ճգնաժամի հաղթահարման պլան էր մշակել, որով նախատեսվում էր բռնության կասեցնում, դեպի Սիրիայի հումարիտար կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների անխափան մուտքի ապահովում և քաղաքական երկխոսության մեխանիզմի գործարկում:
Մինչ օրս Անանի պլանի նույնիսկ առաջին կետը չի իրականացվել: Նրա նշանակումից ի վեր, կանոնավոր բանակի և ընդդիմության զինված խմբավորումների միջև ընդհարումները վերաճել են լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Ավելին, օգոստոսին իր գոյությունն է դադարեցրել Սիրիայում դիտորդական առաքելությունը, որը կոչված էր հետևելու պլանի իրականացմանը: Պատճառը եղել է երկրում վատթարացող իրավիճակը:
Անանի աշխատանքը դժվարացրել է այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սիրիական ճգնաժամի լուծման միասնական դիրքորոշում չկա: Արևմուտքը կարծում է, որ հարցի կարգավորումը հնարավոր է Դամասկոսին ճնշումների ենթարկելու և պատժամիջոցներ սահմանելու հաշվին: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են նմանօրինակ գործողություններին և արդեն 3-րդ անգամ խոչընդոտել են համապատասխան բանաձևերի ընդունմանը:
Անանին փոխարինող գտնելու որոնումները 2 շաբաթ են տվել: Արդյունքում օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակի պաշտոնը կզբաղեցնի ալժիրցի հեղինակավոր դիվանագետ, 78-ամյա Լիդհար Բրահիմին: Նա աշխատանքի կանցնի սեպտեմբերի 1-ին:










































