Գաղտնիք չէ, որ հայրենի ոստիկանության տարածքային բաժինները քաղաքացիների ահազանգերը շատ հաճախ ջրում են: Այսինքն, այս կամ այն հանցագործության մասին ահազանգը չեն գրանցում, առավել ևս, երբ էս գլխից «հասկանում են», որ այն դժվար բացվող գործ է: «Հրապարակ»-ը գրում է, որ իմաստն այն է, որ իրենց աշխատանքի հաշվետվությունը վերադասին ներկայացնելիս չբացահայտեն իրենց անկարողության խայտառակ պատկերը: Թերևս հանցագործություն թաքցնելն այնպիսի ահագնացող չափերի է հասել, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ ծանր խորհրդակցությամբ այս թեմային է անդրադարձել: Մայրաքաղաքի տարածքային բաժինների պետերը երեկ «հյուրընկալվել» են վերադասին: Թեման հայրենի պահապանների պրոֆեսիոնալիզմն է եղել` հանցագործություն թաքցնելու մասով:
Ինչպես հայտնեցին «Հրապարակ»-ի աղբյուրները, ոստիկանապետը ենթակաների վրա հերթական անգամ մատ է թափ տվել: Ընդգծել է, որ ներկայացրած տարվերջյան հաշվետվությունում նկարած տոկոսներն այլևս չեն անցնելու, մինչև այդ հաշվետվությունը նախ ստուգումներ են անելու, և հանցագործություն թաքցնելու դեպք բացահայտելիս տարածքային ղեկավարն աշխատանքից հեռացվելով չի ազատվի: Քրեական պատասխանատվության կենթարկվի: Նշենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն արդեն սկսել է ստուգումները բաժիններում:
Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ բաժին է հասել նաև ճանապարհային ոստիկանությանը, ինչը եղել է բացահայտումների հետևանք: Անվտանգության վարչությունը դեռևս օրեր առաջ է երկու վաշտում ստուգումներ իրականացրել, և բացահայտումների հետևանքով մոտ երեք տասնյակ ճանապարհային ոստիկան պատժվել է: Ոմանք տույժի են ենթարկվել, ոմանց նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, մի մասն էլ, որպես պատիժ, այլ ոլորտում աշխատանքի է տեղափոխվել, ինչն ամենադաժան պատիժն է ճանապարհային ոստիկանի համար և նշանակում է եկամուտների սահմանափակում:









































