«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնը հանդես է եկել «Սիրիահայության դժվարին դրությունը բացահայտում է Սփյուռի իրականություն» խորագրի ներքո հրապարակմամբ, որում փորձ է արվում Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեքստում գնահատել սիրիահայ համայնքի հետագա ճակատագիրն ու հնարավոր զարգացումները:
Հոդվածն արձանագրում է, որ ամենամեծ քրիստոնեական համայնքը ձևավորած սիրիահայությունը ներկայումս հայտնվել է բավականին խոցելի վիճակում, քանի որ հայերն այստեղ համարվում և ընկալվում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցներ ու աջակիցներ:
«Տևական ժամանակ բարեկեցիկ կյանքով ապրած հայերը, ովքեր վայելել են իշխանության բարեհաճությունը, այժմ խոցելի են սիրիական ընդդիմադիրների առջև: Մինչդեռ հայերի տնտեսական մեծ ներուժն ու առևտրային կապերը օգտակար կարող են լինել ցանկացած կառավարության համար», – ասված է հրապարակման մեջ:
Հոդվածում սիրիահայության խնդիրները դիտարկվում են նաև Հայաստան – Սփյուռք հարաբերությունների համատեքստում: Արձանագրվում է, մասնավորապես, որ սիրիական ճգնաժամը բացահայտ դարձրեց Հայաստանի Հանրապետությունից սփյուռքահայության սպասելիքների չափազանցվածությունը:
Սփյուռքահայությունը, ըստ վերլուծական կենտրոնի, խիստ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին սիրիահայերի խնդիրներին հավուր պատշաճի չարձագանքելու համար: «Սակայն այս ճգնաժամը դիմագրավելու համար պաշտոնական Երևանը շատ սահմանափակ հնարավորություններ ունի», – նշում է «Օքսֆորդ անալիկա»-ն` արձանագրելով, որ Հայաստանն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են սիրիահայության անվտանգության խնդիրների լուծմանը:
«Բացի Հայաստան մեկնել ցանկացող սիրիահայերի մուտքի և կացության խնդիրները հոգալուց, Հայաստանը նաև դիվանագիտական խողովակներով փորձում է սիրիահայության անվտանգության խնդիրներն արծարծել ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիրների հետ իր շփումներում: Այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կատարած որոշ քայլեր երբեմն անտեսանելի են մնում», – ասված է հրապարակման մեջ:
«Օքսֆորդ անալիտիկա»-ն նաև նկատում է, որ կապված ներհայաստանյան խնդիրների հետ` աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա և այլն, Հայաստան եկող սիրիահայերը այս երկիրը հաճախ դիտարկում են իբրև ժամանակավոր բնակատեղի, որտեղից հետագայում շատերը փորձ կանեն տեղափոխվել հյուսիսամերիկյան կամ եվրոպական երկրներ:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է հրապարակման այն հատվածին, որը վերաբերում է Սփյուռքի կողմից Հայաստանի իշխանություններին հասցեագրված քննադատությանը: Այդ քննադատությունը «Օքսֆորդ անալիտիկա»-ն մեծապես պայմանավորում է հայ-թուրքական մերձեցման` արդեն կասեցված գործընթացի առնչությամբ Սփյուռքում առաջացած երբեմնի մտահոգություններով:
«Հաշվի առնելով ներկա իրողությունները` կարելի է կանխատեսել, որ հյուսիսային Սիրիան, որտեղ կենտրոնացած է հայերի մեծամասնությունը, կարող է վերածվել բուֆերային գոտու, իսկ այնուհետև հայտվել Թուրքիայի անմիջական ազդեցության տակ: Այդ տարածքում կարող են տեղակայվել նաև թուրքական բանակային ստորաբաժանումներ, և դա լուրջ սպառնալիք կարող է լինել սիրիահայության համար», – ասել է վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է սիրիական ընդդիմադիրների` իբրև այդ երկրի իշխանության հավակնորդների կողմից սիրիահայությանը սպառնացող ապագա վտանգներին, ապա Կիրակոսյանը նշել է. – «Եթե սիրիական ընդդիմության ղեկավարությունը գործի առավել ճշգրիտ ռազմավարությամբ, ապա պետք է գիտակցի, որ նոր իշխանությունը ևս պետք է ունենա հայկական համայնքի ու նրա տնտեսական կարողությունների կարիքը` իշխանության հասելու պարագայում այն պահելու համար»:









































