Կառավարությունն այսօրվա նիստում գումար հատկացրեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով: Մարալիկի սոցիալական բնակարանային ֆոնդի բացումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նախարարի՝ Մարալիկի սոցիալական բնակֆոնդում բնակարաններ կհատկացվեն 59 ընտանիքի, որոնցից 27-ը մանկատան շրջանավարտներ են:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սկսվում է ձևավորվել սոցիալական բնակարանային ֆոնդ: Պետությունն առաջնահերթ պարտավորություն է ստանձնել մանկատան շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ, որոնց պետք է սոցիալական բնակֆոնդերում առաջնահերթ բնակարաններ հատկացվեն: Այս պահին նախարարությունում հաշվառված է առանց ծնողական խնամքի մնացած 300 երեխա, որոնց բնակարաններ են տրամադրվում:
Թբիլիսյան խճուղում ձևավորվող սոցիալական բնակֆոնդում էլ առաջիկայում բնակարան կհատկացվի 80 ընտանիքի:










































