Դաղստանից Վրաստան անցած գրոհայինների մեծ մասը ոչնչացվել է հանրապետության ուժայինների կողմից: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Վրացական տարածք է անցել շատ լավ զինված գրոհայինների մի խումբ, որոնք գերի են վերցրել խաղաղ քաղաքացիների, մենք նրանց հետ բանակցություններ անցկացրինք, սակայն մերժում ստացանք, որից հետո սկսվեց ուժային օպերացիան», -ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով` օպերացիայի ընթացքում սպանվել է երեք վրացի զինվորական:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ զինված խմբի բացարձակ մեծամասնությունը ոչնչացվել է», – ասել է Սաակաշվիլին:
«Մենք թույլ չենք տա վրացական տարածքում ցանկացած ռազմական խմբավորման առկայություն, որը կարող է սպառնալիք լինել խաղաղ բնակչության համար», – հայտարարել է Վրաստանի նախագահը:
Ռուսական կողմը հայտնել է, որ ռուս-վրացական սահմանի ոչ մի խախտում տեղի չի ունեցել, իսկ Վրաստանի հայտարարությունները Ռուսաստանի տարածքից լրտեսների ներթափանցման վերաբերյալ` իրականությանը չեն համապատասխանում:







































