Այն ներկայացնում ենք ստորև.
«Ես չեմ ամաչում քաղաքացիներից, որոնք քվեարկել են իմ օգտին: Ողջ 8 տարիների ընթացքում ես աշխատել եմ ինչպես թիապարտ ստրուկ: Ես գոհ եմ աշխատանքիս արդյունքներից». Վ.Պուտին (2008 թվական, փետրվարի 14, Կրեմլ, մամլո ասուլիս)
Ներածություն
Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է ավելի քան 12 տարի: Դա ավելին է, քան Ելցինի և Գորբաչովի ղեկավարման ժամանակը: Պուտինի վերադարձը Կրեմլ և երկիրը նոր ժամկետներում ղեկավարելու կրքոտ ցանկությունը խոսում է այն մասին, որ նա մտադիր է առաջ անցնել Բրեժնևից (Լեոնիդ Իլիչը ղեկավարել է 18 տարի) և ղեկավարման տևողությամբ մոտենալ Ստալինին:
Ժողովրդականությունը կորցնող Պուտինը մոլագարի պես կառչել է իշխանությունից: Հասկանալի է, թե ինչու. Նախ՝ վախենում է կորցնել ազատությունը, կապիտալներն ու ունեցվածքը, երկրորդ՝ նրա ընկերները, որոնք դարձել են աներևակայելի հարուստ, նույնպես հետաքրքրված են նրա ղեկավարման շարունակությամբ: Սակայն ամենալուրջ պատճառներից մեկը, որը ստիպում է Պուտինին մնալ իշխանության ղեկին, հարստության և շքեղության մթնոլորտն է, որին նա արդեն սովորել է և որից հրաժարվել չի ցանկանում:
Խղճի խայթ առ այն, որ այդ շքեղությունը ֆինանսավորվում է հարկատուներից, նրան չի տանջում: Ոչ անկախ խորհրդարանը, ճնշված ԶԼՄ-ները և վերահսկվող դատարանները Պուտինի կենսակերպի թեման քաղաքացիների մեծամասնության համար անհասանելի են դարձնում: Հասարակությունում այդ թեմայով քննարկում գործնականում չկա:
Պետության ղեկավարի ճոխ կյանքն ընթանում է ռուսական ճչացող խնդիրների ֆոնին՝ Ռուսաստանը նախկինի պես «մահանում» է. մահացությունը Պուտինի ղեկավարման 12 տարիների ընթացքում բարձր է եղել ծնելիության ցուցանիշից, և երկիրը արդեն ավելի քան 5 մլն մարդ է կորցրել: Երկրի գործարար և առօրյա կյանքում կոռուպցիայի մակարդակը աճել է, իսկ Ռոսաստանի հումաքային կախվածությունը՝ խորացել:
Սրանց զուգահեռ դեգրադացիայի են ենթարկվում կրթության և առողջապահության համակարգերը:
Դիտե´ք ստորև ներկայացվող գրաֆիկները

Սակայն Պուտինին ոչինչ չի հուզում: Նա անամոթաբար հրապարակում է եկամուտների մասին իր հաշվետվությունները՝ երկրին ու աշխարհին հայտարարելով, որ իր պաշտոնական եկամուտը չի գերազանցում 100 հազար դոլարը, սակայն վարած կյանքը կարելի է համեմատել Պարսից ծոցի երկրների միապետերի և ցուցամոլ օլիգախների կյանքին:
Սկսենք պալատներից…
Պալատներ
Պուտինն իր տիրապետության տակ ունի 20 պալատ, առանձնատուն, նստավայր: Համեմատության համար՝ ԱՄՆ նախագահն ունի 2 նստավայր, նույնքան նստավայր ունի Գերմանիայի ղեկավարը, Իտալիայի ղեկավարն ունի 3-ը: Նշենք, որ 9 պալատները ի հայտ են եկել Պուտինի ղեկավարման ժամանակ: Այդ կերպ՝ Ռուսաստանում նստավայրերի առանց այդ էլ անպատեհ թիվը Պուտինի օրոք գործանականում կրկնապատկվել է:
1.Նովո-Օգարեվո
Տեղակայված է Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղուն կից անտառում՝ շրջակա միջավայրից առանձնացված է 6 մետրանոց պարսպով: Տարածքում կան ջերմոցներ, թռչնաբուծարան, լողավազան, մի քանի բնակելի շինություն, ուղղաթիռային հարթակ, ձիանոց:

2. Բոչառով ռուչեյ
Նախագահի ամառային վիլլան է Սոչիում: Այն իրենից ներկայացնում է ստալինյան դասական ոճով կառուցված երկհարկանի շինություն: Վիլլան ունի ուղղաթիռային հարթակ, երկու լողավազան (ծովի ջրով), մարզասահ: Լողափում տեղ է հատկացված նախագահի զբոսանավի խարսխման համար:

3. Դոլգիե Բոռոդի
Նախագահի տունն է Վալդայ լճի թերակղզում (Նովգորոդի շրջան): Մակերեսը՝ 930 հա: տարածքում կա «նախագահական» եկեղեցի, բաղնիք, երկու ռեստորան, կինոսրահ, բոուլինգի սրահ, ուղղաթիռային բետոնապատ հարթակ: Սպասարկող անձնակազմի թիվը գերազանցում է 100-ը:

4. Կոնստանտինովյան պալատ
XVIII դարի ճարտարապետության հուշարձան է՝ տեղակայված Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու (2003 թվականից՝ «Կոնգրեսների պալատ» պետական համալիր): Ավելի քան 40 շինություններից կազմված համալիրը և 140 հա տարածքը վերակառուցվել են 2003 թվականին՝ Սանկտ-Պետերբուրգի 300-ամյակի առիթով:

5. Վոլժսկիյ ուտյոս
Առողջարան է՝ Սամարայի շրջանի Վոլժսկիյ Ուտյոս բնակավայրում: Ամբողջությամբ վերակառուցվել է 2007 թվականին 3,8 մլրդ ռուբլով՝ «Ռուսաստան-ԵՄ» գագաթնաժողովին ընդառաջ: Նախագահական նստավայրն ունի 192 համարներով հյուրանոց, քոթեջներ, վիթխարի կինոսրահ, լողավազաներ, բաղնիքներ, ջերմոցներ, ձիարշավարան, ուղղաթիռային հրապարակ, լեռնադահուկային համալիր, 3000 հոգուց կազմված սպասարկող անձնակազմ:

6. Տանտալ
Եռահարկ առանձնատունը գտնվում է Սարատովից 40 կմ հեռավորության վրա: Առանձնատունն ունի լողավազան, ձմեռային այգի, բիլիարդի սրահ, բուխարի: Ինտերիերը համալրում են գերմանական ջահերը և իտալական կահույքը: Ձմռային այգուց մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում սկանդինավյան ոճով սաունան: Տարածքում կա ուղղաթիռային հարթակ և որսորդական տնակ:
7. Մալիյ իստոկ
XVIII-րդ դարի կառույցը գտնվում է Եկատերինբուրգից ոչ հեռու՝ Մալո-Իսոկսկի լճակի ափին:

8. Սեվաստյանովի տուն
Պալատը կառուցվել է XIX դարի առաջին կեսին Եկատերինբուրգի Գոռոդսկոյ լճակի մոտ: Կառույցի վերակառուցման համար 2008 թվականին ծախսվել է 1,35 մլրդ ռուբլի, որից 150 միլիոնը՝պետերբուրգյան «МТК» ընկերությունից կահույքի գնման վրա:

9. Մայենդորֆ
Ամրոցը գտնվում է Մոսկվայի շրջանի Բարվիխա բնակավայրում՝ Պոդկուշինսկի մայրուղում: Նախկինում այն եղել է Մեյենդորֆ բարոնների նստավայրը: Այն կապիտալ վերանորգման է ենթարկվել 2003-2004 թթ-ին: 1300 քառակուսի մետր մակերեսով ամրոցի վերակառուցման վրա ծախսվել է 100 մլն դոլար՝ այսինքն՝ մեկ քառակուսի մետրի հաշվով 80 հազար դոլար (ոչ ռուբլի):

10. Անգարսկիե խուտորա
ՌԴ նախագահի նստավայրն է Իռկուտսկի մարզում՝ Անգարա գետի ափին: Տարածքում քոթեջների համալիր կա, թենիսի կորտեր, լողավազան, սաունա, մարզական և մերսման սրահներ:
11. Ռուսիա
Նստավայր Տվերի մարզի «Զավիդովո» որսորդական տնտեսության տարածքում: Տարածքում են գտնվում հյուրանոցային համալիրը, որսորդական բազան, լողավազանները, սաունաները, նավակայանը:
12. Սոճիներ
Կրասնոյարսկից ոչ հեռու՝ Ենիսեյի գեղատեսիլ ափին գտնվող վիլանների համալիր է: Վերակառուցման ժամանակ շինությունը պատվել է Հակասիայի մարմարով: Կից գտնվող՝ գազարի դաշտում կառուցվել է ուղղաթիռահարթակ:
13. Պետական հյուրանոցային նստավայր
ՌԴ նախագահի նստավայրն է Սանկտ-Պետերբուրգում՝ Նեվայի դելտայում: Օբյեկտի կազմում ընդգրկված է ճարտարապետ Մելցեռի առանձնատունը և 4 առանձին շինություն, որից մեկը՝ բանկիր Սոլովեյչիկի նախկին առանձնատունն է:

14. Յանտար
Նախագահի աշխատակազմի պետական համալիրն է Կալինինգրադի մարզի Պիոներական քաղաքում: Նստավայրի շինարարության արժեքը կազմում է 6 մլրդ ռուբլի, ունի 5 աստղանի հյուրանոց, վարչական կորպուս: Երկու շինությունների մակերեսը 5000 քառակուսի մետր է:

15. Բարվիխա
Նախագահի Մերձմոսկվյան նստավայրն է: Տարածքի մակերեսը՝ 86 հա: 2011 թվականին կահույքի և վերանորոգման վրա ծախսվել է 162 մլն ռուբլի: Ունի SPA-սրահ: Նոր կահույքի վրա ծախսվել է 30,8 մլն ռուբլի: Սպասարկող անձնակազմը բաղկացած է 337 մարդուց:

16. Միլովկա
Առանձնատունը գտնվում է Վոլգա գետի աջ ափին՝ Պլես քաղաքից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այն իրենից ներկայացնում է պատմության, ճարտարապետության, XVIII դարի վերջի և XX դարի սկզբի այգեգործական արվեստի հուշարձան:
17. Գելենջիկի պալատ
2010 թվականի վերջին, երկրից հեռացած գործարար Սերգեյ Կոլեսնիկովը, որը նախկինում մոտ էր Պուտինի ընկերներին, բաց նամակ է հղել նախագահ Մեդվեդևին այն մասին, որ Սև ծովի ափին Պուտինի անձնական օգտագործման համար ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ շքեղ պալատ է կառուցվում:
Արդյունքում՝ Պրասկովեեվկա գյուղում կառուցվեց ճոխ ավան: Հիմնական շինությունը կառուցված է իտալական ոճով՝ երկգլխանի արծվով զարդարված պալատական դարպասներով: Ունի առողջարանային համալիր, 3 ուղղաթիռի համար նախատեսված հարթակ, թեյարան, դեպի լողափ տանող վերելակներ: Կոլեսնիկովի հավաստմամբ՝ Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել շինարարությանը, իսկ գումարները Պուտինի հին ընկերոջ՝«Озеро» կոոպերատիվի անդամ Ն.Շամալովի տիրապետության տակ են հայտնվել կառուպցիայի և գողության միջոցով:

18. Պատվավոր հյուրի տնակ
Պալատը գտնվում է Փարիզի մոտ: Դրա շինարարության վրա ծախսվել է 30 մլն եվրո: Ֆրանսիացիները, որոնց բախտ է վիճակվել գտվել ամրոցի ներսում, այն անվանել են իսկական Վերսալ:
19. ԱԲՑ
Փակ հյուրանոցային նստավայր է: Տեղակայված է Մոսկվայի հարավում: Նախկինում եղել է Անվտանգության դաշնային բյուրոյի գաղտնի օբյեկտը:
20. Լուննայա Պոլյանա
VIP-առողջարան՝ Ադիգեյա հանրապետության Ֆիշթ լեռան վրա: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հանդիսանում է Պուտինի հերթական առանձնատունը: Պաշտոնապես այստեղ շինարարությունն արգելված է, քանի որ այդ գոտին հանդիսանում է «Արևմտյան Կովկասի» բնության համաշխարհային ժառանգության օբյեկտ: Լեռնադահուկային նստավայրը կառուցել են «Биосфера» գիտական կենտրոնի պոլիգոնի տեսքով, որը պետք է հետևի բնության արգելոցի պահպանմանը: Այնտեղ կառուցված է 4 քոթեջ, 3 ուղղաթիռային հարթակ, կապի ալեհավաքներ, անգար, կառուցվում են փոքր և մեծ ճոպանուղիներ:

Ավիապարկ
ՌԴ նախագահին սպասարկող ավիապարկում ընդգրկված է 58 ավիատրանսպորտային միջոց՝ 43 օդանավ և 15 ուղղաթիռ: Ավիապարկի ընդհանուր արժեքը 1 մլրդ դոլար է:
Իլ-96-300պՈՒ (5 օդանավ՝ յուրաքանչյուրը 40 մլն)
Դրանցից մեկի՝ RA-96016 -ի սրահում աշխատել են ռուս ոսկերիչներն ու նկարիչները: Մեկ զուգարանակոնքն արժեցել է 75 հազար դոլար: Օդանավերն ունեն ննջարաներ, բաղնիք, հանդիսությունների սրահ, հանգստի սենյակ և վերականգնողական կաբինետ: Այս մոդելի օդանավերից մեկի սրահը նախշվել է Շվեյցարիայում՝ նկարիչ Իլյա Գլազունովայի որդու էսքիզներով:


Airbus ACJ319 RA-73025 (105 մլն դոլար)
19 ուղևորի համար նախատեսված օդանավի սրահի դիզայնը մշակել է Airbus Corporate Jet Centre-ը: Ուղևորների խցիկը բաժանված է երեք սրահի: Օդանավում կա զրուցասենյակ՝ հսկա հեղուկբյուրեղյա դիսփլեյներով և հատուկ կապի միջոցներով: Ինտերիերում օգտագործված է բնական կաշի, մարմար, ձեռագործ գորգեր:

Dassault Falcon 7X (երկու օդանավ՝ RA-09007 և RA-09009, յուրաքանչյուրը՝50 մլն դոլար)
Արտադրված է Ֆրանսիայում: 19 ուղևորի և անձնակազմի 3 անդամի համար նախատեսված օդանավի սրահը բաժանված է աշխատանքային և հանգստի գոտիների: Օդանավն ունի ձայնաջեմամեկուսացման համարգեր, արբանյակային կապ, ինտերնետ, DVD, CD նվագարկիչներ, LCD մոնիտորներ և Airshow համակարգով:

Տու-214 (3 օդանավ՝25-ական մլն դոլար)
Տու-214ՊՈՒ (50-ական միլիոն դոլարով երկու օդանավ՝ RA-64517 և RA-64520)

Տու-214ՍՌ (երկու օդանավ՝ RA-64515 и RA-64516՝ 95-ական մլն դոլար)
ՏՈՒ-214ՍՌ օդանավերում կան վառելիքային լրացուցիչ բաքեր, որոնց շնորհիվ օդնավը կարող է թռիչքը ընդարձակել մինչև 10 հազար կմ: Օդանավը զինված է նաև էներգամատակարարման համակարգերով և ռադոիտեխնիակական համալիրով:
Տու-214սՈւս (երկու օդանավ՝ RA-64522 և RA-64524՝ 60-ական մլն դոլար)
Տու 204-300ա (երկու օդանավ՝ RA-64057 և RA-64058՝62-ական մլն դոլար)

Տու-154 (8 օդանավեր՝7,5-20 մլն-ական դոլար)
Տու-134 (8 օդանավեր, կառուցված են անցած դարի 80-ականներին, արժեքը չի հաղորդվում)
ԻԼ-62 (5 օդանավ)
ՅԱԿ-40
ԻԼ 18՝ 2 «վետերաններ»
Մի-8 ՝ 15 ուղղաթիռներ
Զբոսանավերը
ՌԴ նախագահի տիրապետութան տակ մինի նավատորմ կա՝ 100 մլն դոլար արժողությամբ: 4 շքեղ զբոսանավերի խնամքը տարեկան հարյուրավոր միլիոններ են պահանջում:
Սիրիուս՝ գնվել է 2011- սկզբին, նախատեսված է 11 հյուրերի և անձնակազմի 12 անդամների համար: Զբոսանավի երկարությունը 53,7 մետր է: Այն կարող է զարգացնել 33 կմ/ժամ արագություն: Նման զբոսանավի ծախսերը տարեկան կազմում են նրա արժեքի 10 տոկոսը՝ 124 մլն ռուբլի, ինչը համարժեք է 1200 ռուս թոշակառուի տարեկան միջին թոշակին:
Օլիմպիա՝ տարեկան ծախսերը կազմում է 150 մլն ռուբլի: Այն ունի ջակուզի, բար, խորովածանոց, պատրաստված է թագավորական ստանդարտներով:
Ռոսիա ջերմանավ՝ 2005-ին այն արդիականցվել է, ինչի համար բյուջեից ծախսվել է 1,2 մլն դոլար: Այն համապատասխանում է ժամանակակից զբոսանավի բոլոր պահանջներին:

Մրրկահավը (« Буревестник») ՝ շարժիչային VIP զբոսանավ է, ունի 27,4 մետր երկարություն և 6,5 մետր լայնություն: Նախատեսված է 36 մարդու համար: Սրահը պատրաստված է կարմիր ծառի փայտից: Նավը պատրաստվել է «Северная верфь» գործարանում, ջուրն է իջեցվել 2003-ին:
Ավտոմեքենաները
ՌԴ նախագահին ավտոմեքենաները տրամադրում է «Россия» տրանսպորտային կոմբինատը: Նախագահի ավտոպարկում 700 ավտոմեքենա կա: Վլադիմիր Պուտինը գովազդային աջակցություն է ցուցաբերում Mercedes-Benz գերմանական ավտոարտադրողին: Պուտինի Mercedes-Benz S-600 Guard Pulman ավտոմեքենաներն ու Mercedes Sprinter միկրոավտոբուսը (62,5 հազար դոլար) ուղեկցվում են Mercedes-Benz Gelendwagen (թիկնապահների համար, 434 հազար դոլար) ամենագնացներով:
Նախագահի տեղափոխման համար նախատեսված զրահապատ Mercedes-Benz S 600 Guard Pullman (1 մլն 125 հազար դոլար) մակնիշի ավտոմեքենան ընդարձակվել է՝ դարձվելով 6,35 մետր: Կաշվեպատ սրահը հագեցած է տեխնիկայի վերջին ճիչով:



Ժամացույցներ
ՌԴ նախագահ Պուտինի ժամացույցների հավաքածուում 11 ժամացույց կա (դրանք պատրաստված են սպիտակ ոսկուց, արծաթից և կոկորդիլոսի կաշվից)՝ ընդհանուր 22 մլն ռուբլի արժեքով, որը կազմում է նրա 6 տարվա աշխատավարձը: Դրանք են՝ 500 հազար դոլար արժողությամբ A. Lange & Sohne Tourbograph «Pour le Merite», 60 հազար դոլար արժողությամբ Patek Philippe Perpetual Calendar 3974, 25 հազար դոլար արժողությամբ A. Lange & Sohne 1815, Blancpain, Breguet Marine 5817ST/12/5V8, ևս մեկ Patek Philippe (Calatrava 3998) և IWC Pilot’s Watch Mark XV:


Վերջաբան
Մենք դիտավորյալ չենք հրապարակել նրա կոստյումների, կոշիկների, փողկապների արժեքները, որոնք հասնում են տասնյակ հազարավոր դոլարների: Դրանք կոպեկներ են վիլլաների, օդանավերի, ժամացույցների և ավտոմեքենաների համեմատությամբ:
Պուտինի՝ 2012-ի պաշտոնական հաշվետվությունում ասվում է, որ նրա տարեկան եկամուտը կազմել է 3 661 765 ռուբլի: ժամացույցների նման հավաքածու ունենալու համար նախագահը պետք է 6 տարի ոչ խմեր, ոչ սնվեր: Իսկ եթե դրանք նվերներ են, ապա պետք է նշվեն հաշվետվությունում, ինչը բացակայում է:
Երկրում, որտեղ 20 մլն մարդ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, նախագահի շքեղ կյանքը ամբարտավան ու ցինիկ մարտահրավեր է հասարակությանը:
Դրա հետ հաշտվել կտրականապես չի կարելի: Բյուջեի ողջ ծախսերի և իշխանությունների իրական եկամուտների մասին ամեն ինչ պետք է հրապարակվի, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդավարության վերականգնման և իշխանափոխության սկզբունքի կյանքի կոչման պարագայում:
Թարգմանությունը՝ Աննա Անտոնյանի









































