ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը nikolpashinyan.com-ում անդրադարձել է հայրենադարձության խնդրին:
Անհասկանալի վիճակը, որ ստեղծվել է Սիրիայի հայ համայնքի շուրջ, խորքային պատճառներ ունի, և մեծ հաշվով առնչվում է Հայաստանի պետականության մասին հիմնարար պատկերացումներին:
ՀՀ կառավարությունը ոգևորված չէ սիրահայության համակարգված հայրենադարձություն կազմակերպելու հնարավորությամբ: Մինչ քաղաքացիական հասարակությունն անպատասխան հարցադրումներ է անում, կառավարության ներկայացուցիչները կուլիսներում արդարանում են, թե սիրիահայ համայնքի վերացումը չի բխում Հայաստանի և հայության շահերից և ամեն ինչ պետք է անել, որ սիրիահայերը մնան տեղում, պահպանելով հայ համայնքի ամբողջականությունը:
Այս պնդումների հեղինակներին առանձնապես չի մտահոգում, որ Հայաստան չեկող սիրիահայերի մեծ մասն ի վերջո հեռանում է Սիրիայից և ապաստանում երրորդ երկրներում: Բարձրաձայն չի ասվում, բայց զգալի է, որ կառավարական որոշակի շրջանակների համար սա ավելի նախընտրելի տարբերակ է, քան Հայաստան ներգաղթելը: Նման դիրքորոշումն ամենևին անտարբերության, կամ չիմացության հետևանք չէ, և ունի գաղափարախոսական հիմնավորումներ: Այսպես մտածում են մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստանի գոյության գրավականը ուժեղ և հարուստ Սփյուռքն է, որը և պետք է լինի Երրորդ Հանրապետության հիմնական ֆինանսական, տնտեսական, քաղաքական, աշխարհքաղաքական հովանավորը:և ուրեմն, այն սիրիահայերը, ովքեր թեկուզ հեռանում են Սիրիայից, բայց Հայաստան չեն գալիս, շարունակում են մնալ սփյուռքահայ, այսինքն՝ «սփյուռքակենտրոն» հայեցակարգի առումով ընդունելի որոշում են կայացնում, որովհետև Սփյուռքից Հայաստան եկող ամեն ոք թուլացնում է Սփյուռքը, իսկ սփյուռքահայը սփյուռքահայ է, անկախ նրանից Սիրիայում է, Լիբանանում, թե ԱՄՆ-ում:
Տարբեր ժամանակներում ընդդիմության կողմից բարձրաձայնված մեղադրանքը, թե գործող իշխանությունները նպատակաուղղված հայաթափում են Հայաստանը, սիրիահայության հարցով բյուրեղանում է: Վերը շարադրվածը, սակայն, սրբագրում է արդեն հանրահայտ այդ մեղադրանքը, որովհետև բազմաթիվ ելույթներում հայաթափման գործընթացը գնահատվում է որպես դավադիր, մինչդեռ վերջին 14 տարում Հայաստանում իշխող էլիտան այդպես վարվում է ոչ Հայաստանը կործանելու երազանքից դրդված. պարզապես իրականացնում է ազգային պետություն կերտելու «յուրօրինակ հայեցակարգ»: Այդ հայեցակարգը չի ձևակերպված, այն իրավական որևէ ակտով հաստատված չէ, բայց հետևողականորան իրագործվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից, այդ գիծը շարունակվում է մինչև օրս:
Ինչի՞ վրա էր հիմնված Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հրաշքը, եթե ոչ արտագաղթի կոնցեպտի: Քոչարյանի նախագահության տարիների ամենամեծ նախագիծը հայաստանցի տղամարդկանց արտերկիր արտահանելն էր, և նրանց ուղարկած տրանսֆերտների վրա տնտեսական «հրաշքներ» կառուցելը: Այս պատկերն ամբողջացնում է Քըրք Քրքորյանի աննախադեպ խոշոր նվիրատվությունը՝ սփյուռքահայի նվիրատվություն մայր հայրենիքին, Հյուսիսային պողոտան՝ Սփյուռքի փողերի անկենդան ներդրումը մայր հայրենիքում:
Երբ փորձում ենք մոդելավորել Քոչարյանի նախագահության տարիների իրավիճակը, հանգում ենք եզրակացության, որ ըստ այդ մոդելի Սփյուռքն է դառնում Հայաստանի գոյատևման մոդելն ու գաղափարախոսությունը, և պաշտոնական քարոզչությունն էլ Սփյուռքը (Հայաստանից դուրս ապրող հայերի ամբողջությունը) ներկայացնում էր որպես հայ ժողովրդի հիմնական արժեք և հենարան, որ բառիս բուն իմաստով պահում է Հայաստանը: Քչերն էին նկատում, սակայն, որ այս տրամաբանության ներքին զարգացումը բերում է պարզ հետևության. որքան քիչ լինեն Հայաստանում ուտող բերանները, այնքան Սփյուռքի համար հեշտ կլինի պահել Հայաստանը, և որքան մեծ լինի Սփյուռքը, այնքան լավ կապրի Հայաստանը: Հենց այս մոտեցումն է դրված այն գաղափարաբանության հիմքում, որ ընդդիմությունը համարում է դավադիր:
Սերժ և Տիգրան Սարգսյանների բախտը, սակայն, չբերեց. գլոբալ տնտեսական ճգնաժամը չորացրեց տրանսֆերտների կարկաչուն աղբյուրը և Հայաստանի տնտեսությունը կանգնեցրեց կոլապսի առաջ: Մեծ հաշվով ճիշտ էր Տիգրան Սարգսյանը, երբ պնդում էր, թե Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ճգնաժամ չկա. իրական ճգնաժամը այն երկրներում էր, որտեղ գտնվում էին Հայաստան տրանսֆերտներ ուղարկող, Հայաստանին նվիրատվություններ անող նոր և հին սփյուռքահայերը: Հենց «սփյուռքահայ տնտեսական ճգնաժամն» էլ դարձավ սփյուռքակենտրոն հայեցակարգի ամենամեծ փորձությունը. ստեղծված իրավիճակում, թվում է, Սերժ Սարգսյանը պետք է կոնցեպտուալ նոր մոտեցում որդեգրեր, երկիրը ճգնաժամից հանելու համար: Մի պահ կարծես, նման փորձեր ձեռնարկվեցին, բայց ի վերջո սփյուռքի/արտագաղթի կոնցեպտը շարունակեց մնալ կառավարման հիմնական փիլիսոփայություն, իսկ թե ինչու՝ բացահայտեց Տիգրան Սարգսյանը «168 ժամ» թերթի 2011թ. հունիսի 30-ի հայտնի հարցազրույցում. «Ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախնե՞ն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն»,- ասել էր նա արտագաղթող հայաստանցիների մասին լրագրողների հարցին ի պատասխան: Արտագաղթի կոնցեպն, ուրեմն, բացահայտեց ևս մեկ կիրառական նշանակություն. որքան քիչ մարդ ապրի Հայաստանում, այնքան իրավիճակը, քաղաքական իմաստով, կլինի վերահսկելի: 2012թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին այս մոտեցման իրավացիությունը: և եթե Ռոբերտ Քոչարյանը տնտեսական հրաշքով է պարծենում, Սերժ Սարգսկյանը կարող է պարծենալ քաղաքական հրաշքով, երբ երկիրը տնտեսական կոլապսի հասցրած քաղաքական թիմն ու իշխանությունը ընտրությունների արդյունքում ստանում է «վստահության քվե»:
իմիջիայլոց
Սփյուռքի նախարարության իրականացրած «Արի տուն» ծրագիրը ոչ միայն չի հերքում, այլև հերթական անգամ ապացուցում է, որ արտագաղթի կոնցեպտը դրված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հիմքում: Վերլուծենք թեկուզ «Արի տուն» արտահայտությունը, և ամեն ինչ պարզ կդառնա: Մի հին երգ կա, կհիշեք, երևի. «Կանչում եմ, կանչում եմ՝ յար արի, յար, մութն ընկավ տուն արի, անջիգյար յար»: Չեմ հեգնում, եկեք լրջորեն վերլուծենք արի տուն, տուն արի արտահայտությունը՝ տվյալ համատեքստում: Այսպես կինը դիմում է աշխատանքի գնացած ամուսնուն: Յարո ջան, արի տուն, փող բեր, հաց ուտենք, քեֆ անենք, կինո գնանք, թատրոն գնանք, քնենք իրար հետ, իսկ առավոտյան, դու նորից կգնաս գործի: Ընտանիքի համար սա իհարկե, տրամաբանական և հասկանալի հայեցակարգ է, բայց պետության համար՝ անհասկանալի: Հայ ժողովրդի համար, ըստ այդմ, աշխատանքը, ապրուստի միջոց վաստակելու տեղը արտերկիրն է, Սփյուռքը: Իսկ Հայաստանը տուն է, այնպիսի մի տուն, որի պատին կախված է Արարատ լեռան պատկերը՝ օրիգինալով: Ավելի ճիշտ՝ ամառանոց, դաչա, և ոչ թե ապրելու տեղ: Որովհետև հայկական իմաստությունն ասում է, որ ապրելու տեղն այն է, որտեղ հաց ես վաստակում. որտեղ հաց, էնտեղ կաց: Հայ ժողովրդի համար, ըստ այդմ, Հայաստանը տուն կդառնա այն պարագայում, երբ աշխարհասփյուռ հայության առնվազն մեծ մասը իրենց հացը վաստակեն այստեղ:
ուրիշ Հայաստան
Ինչպես արդեն նշեցի, արտագաղթի կոնցեպտը որևէ տեղ հստակ ձևակերպված չէ, նրա մասին չեն խոսում, դա բարձրաձայն, հրապարակային չեն քննարկում: Բայց այն իրագործվում է. հետևողականորեն և անշրջելիորեն: Հայաստանի առաջ ծառացած հիմնական խնդիրը ահա, ենթագիտակցական այս մեխանիզմի գործունեությունը կանգնեցնելն է, երկրի կառավարման հիմքում դրված հայեցակարգը փոխելը: Եվ ուրեմն, Հայաստանի բնակչության նվազման դինամիկան պետք է վերափոխել բնակչության աճի դինամիկայով: Խնդրի լուծման գործիք, ըստ այդմ, չի կարող համարվել միայն բնական աճը՝ ծնելիության ավելացման ճանապարհով բնակչության թվի ավելացում: Արտագաղթի հայեցակարգին պետք է հակադրել ներգաղթի հայեցակարգը, ըստ որի անհրաժեշտ է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը, կամ նրա զգալի մասը կենտրոնացնել Հայաստանում, ինչը և կդառնա Հայոց պետականության հետագա հզորացման և անվտանգության հիմնական գրավականը:
Ժամանակն է, թերևս խոստովանել, որ առանց այսօրինակ շրջադարձի Հայաստանը չունի զարգացման հեռանկարներ: Խոսելով զարգացման զանազան ծրագրերի և հայեցակարգերի մասին մենք մոռանում ենք, կարծես վերջնական ենք մոռացել, որ որևէ բնագավառում զարգացման համար կա անփոխարինելի մի նախապայման, որ կոչվում է մարդկային ռեսուրս: Ցանկացած ազգային տնտեսության կարևորագույն հենարանը մարդկային ռեսուրսն է, մարդկային ներուժը. ընդ որում տնտեսություն ասելով նկատի ունեմ շատ ավելի լայն շրջանանակ, քան սովորաբար նկատի են ունենում. արվեստ, սպորտ, բանակ…
Հայաստանը հասել է մի վիճակի, որտեղ մարդկային ռեսուրսի սակավությունը զգալի է ցանկացած ոլորտում, ընդհուպ բանակում: Եվ ուրեմն, Հայաստանի զարգացման անհրաժեշտ և կենսական պայման կա. երկիրը պետք է վերականգնի մարդկային ռեսուրսները և ներուժը, ընդ որում առաջիկա քսան տարվա համար Հայաստանի բնակչությունը պետք է ավելանա մեկ, երկու, երեք միլիոնով: և այս խնդիրը լուծելու մեն միակ հնարավորություն կա. ստեղծել բավարար պայմաններ ներգաղթի համար: Հանդարտ, հարաճուն, և ի վերջո նաև զանգվածային ներգաղթի:
Ի դեպ, բանակում զգացվող մարդկային ռեսուրսի սակավությունն է, որ ժամանակ առ ժամանակ սասանում է արտագաղթի կոնցեպտի հետևորդների վստահությունը: Նրանք չկարողացան երկար պահպանել 21-րդ դարասկզբի մեկնարկին հաստատված՝ կիսված ընտանիքների ստատուս քվոն, երբ տղամարդիկ արտերկրում էին, իսկ կանայք և երեխաները Հայաստանում, որպես օլիգարխների վաճառած սննդամթերքի սպառող և բանակի զորակոչիկ: Վերջին վեց-յոթ տարիներին կիսված ընտանիքները միավորվում են արտեկրում, ինչի արդյունքում Հայաստանը վերապրում է արտագաղթի և տնտեսական դժվարության մի նոր ալիք: Տրանսֆերտների ծավալը նաև այս պատճառով է նվազել. հասցեատերերը մեկնում են ուղարկողների մոտ:
ժամը հասել է
Ներքաղաքական պրոցեսների խորքային տրամաբանությունն, ըստ այդմ, պետք է ուղղված լինի հենց այս նպատակին. ստեղծել հայրենադարձության պայմաններ նոր և հին Սփյուռքի ամենատարբեր շերտերի համար: Սա հեշտ լուծվող խնդիր չէ, որովհետև համադրել հայությանը Հայաստանում, նշանակում է համադրել տարբեր մենթալիտետների, մտածողության, կուլտուրայի, զբաղմունքի տեր մարդկանց: Այս ծավալուն խնդրի լուծումը ունի առնվազն մեկ նախապայման. մոնոպոլիաները, օլիգոպոլիաները պետք է վերացվեն, պետք է ստեղծվի անկախ դատական համակարգ, բոլորը հավասար պիտի լինեն օրենքի առաջ, պետք է գործի ազատ տնտեսական մրցակցության և ազատ քաղաքական և քաղաքացիական մրցակցության մեխանիզմը, ձևավորվի օրենքի գերակայության վրա հիմնված ազգային համաձայնություն: Պետք է գիտակցել նաև, որ սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Նկատի ունեմ՝ նույնիսկ այս պայմանների առկայության պարագայում նոր և հին սփյուռքահայերը գլխապատառ չեն սկսի վերադառնալ Հայաստան. սրա համար հարկավոր է հոգևոր, գաղափարախոսական, քարոզչական, կազմակերպչական հսկայական աշխատանք: Դա մի աշխատանք է, սակայն, որի վրա արժե էներգիա և ժամանակ ծախսել, որովհետև խաղասեղանին, ինչպես ասում են, Հայաստանի ապագան է, հայ ժողովրդի ապագան:
Հ.Գ. Խնդրին թերևս ուղղակիորեն չառնչվող ևս մեկ դետալ: Համացանցում լայն արձագանք է գտել արվեստաբան Վարդան Ազատյանի դասախոսություն-հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է ազգի, ժողովրդի մասին երբեմն իրարամերժ պատկերացումներին: 21-րդ դարում, իսկապես, հստակ ձևակերպման կարիք է զգում հետևյալ հարցը. ի՞նչ ասել է հայ ժողովուրդ, ով է հայ ժողովուրդը:
Տարօրինակ չհնչի, բայց այսօր գոյություն ունի՛ իրավաբանական բարձրագույն ուժ ունեցող սահմանում՝ Հայ ժողովրդի ինքնության մասին: Նկատի ունեմ ՀՀ Սահմանադրության նախաբանը: Շատերը, թերևս ուշադրություն չեն դարձրել, բայց մեր երկրի Սահմանադրությունը սկսվում է հետևյալ նախաբանով.
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
Սահմանադրություն ընդունող սուբյեկտը, իրավունքի աղբյուրը, ըստ այդմ, Հայ ժողովուրդն է, որին էլ, ըստ նույն Սահմանադրության, պատկանում է բարձրագույն իշխանությունը Հայաստանում: Մինչդեռ Սահմանադրության հանրաքվեին մասնակցում են միայն ընտրական իրավունք ունեցող մարդիկ, ՀՀ քաղաքացիներ: Եթե հաշվի ենք առնում, որ Սահմանադրության նախաբանը ծնվել է մի իրավիճակում, երբ Հայաստանում ընտրական իրավունք ուներ հայության փոքր մասը միայն, ստացվում է, որ այս ձևակերպման մեջ դրված է նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության իմաստն ու նպատակը, այն է՝ հայ ժողովրդի էթնիկ, լեզվամշակութային, պատմական ընդհանրությունը ամբողջացնել բնակավայրի և քաղաքացիության ընդհանրությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետև Սահմանադրության տրամաբանությամբ, լինել հայ, հայ ժողովրդի մասնիկ, նշանակում է լինել Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրող, ընտրական իրավունքով օժտված քաղաքացի, մեկը, ով իրավունք ունի մասնակցել Սահմանադրական և այլ հանրաքվեների, Նախագահի ընտրությանը, Ազգային ժողովի ընտրություններին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սրանք այն ինստիտուտներն են, որոնցով ըստ Սահմանադրության, Հայ ժողովուրդը իրականացնում է իրեն պատկանող բարձրագույն իշխանությունը: Հայ ժողովրդի սահմանն, ըստ այդմ, գծագրվում է այս իրավունքով: Սա ամենևին չի նշանակում, թե քաղաքացիական իրավունքի սուբյեկտ չհանդիսացող հայը հայ չէ: Բայց այդ հայի գիտակցության մեջ անհրաժեշտ է հարուցել վերադարձի անխուսափելիության գիտակցումը, ձևակերպել վերադարձը, որպես վերջնական և բարձրագույն նպատակ, որ նա կփոխանցի սերնդեսերունդ: Գիտակցումը կհարուցի պրոցես, որ կտևի գուցե հարյուրամյակ(ներ): Բայց այդ հարյուրամյա պրոցեսը կդառնա Հայաստանի գոյության հարյուրամյա երաշխավոր: Ընդ որում, եթե ուրուգվայահայի համար վերադարձը ընտանիքի և կապիտալի փոխադրումն է Հայաստան, ղարաբաղցու համար բնօրրանի կարգավիճակի փոփոխություն է:
Տվյալ խնդրի համատեքստում չեմ կարող չխոսել արդեն 22 տարի Հայաստանում շարունակվող բանավեճի՝ ազգային գաղափարախոսության մասին: Չեմ ուզում խնդրին անդրադառնալ այն համատեքստում՝ լավ բան է ազգային գաղափարախոսությունը, թե վատ բան, պետք է, թե պետք չէ: Հիմա արդեն նույնիսկ անիմաստ են այս հարցադրումները, որովհետև ժամանակակից աշխարհում Սահմանադրություններն են դառնում ազգային գաղափարախոսություն, կամ առնվազն նրա գործնական իրագործման մեխանիզմ: Հատուկ ճշտում. չեմ պնդում, թե ՀՀ գործող Սահմանադրությունը հենց ինքը ազգային գաղափարախոսությունն է, պնդումս այն է, որ ցանկացած ազգային գաղափարախոսություն անիմաստ է, եթե այն հետևողականորեն արտացոլված չէ Սահմանադրության մեջ, որը ի դեպ, կարող է ենթարկվել բազմապիսի փոփոխությունների: Հարկ է ընդգծել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկու դրույթներ անփոփոխելի են:
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Հոդված 2. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
Սրանք, թերևս, այն հենասյուններն են, որոնց վրա հիմնված է մեր ազգային գաղափարախոսությունը:











































