Թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը կոչ է արել համազգային դիրքորոշում ունենալ ահաբեկչության դեմ պայքարում և «ազգային հաշտեցման հայեցակարգի» մշակման հարցում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Գործողությունների ցանկացած ուղղվածություն, որն օգտագործում է բռնությունն ու ահաբեկչությունը, չի կարող ընդունելի լինել: Մենք մերժում ենք ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև թողտվությունը կամ դրա խրախուսումն ու հանդուրժումը: Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կապված են ահաբեկչական կազմակերպությունների հետ, վայր դնել զենքը»,- ասված է 11 կետից բաղկացած հայեցակարգում, որը Չիչեկը քննարկել է երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը:
Ազգային հաշտեցման հայեցակարգը համագործակցության կոչ է անում բոլոր կուսակցություններին, ոչ կառավարական կազմակերպություններին ու հասարակության բոլոր շերտերին:








































