Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պետռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը զեկուցել է, որ ձեռք է բերվել 500 հազար բաժնաչափ կայուն յոդի հերթական պաշարը, որը նախատեսված է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում վահանաձև գեղձի արգելափակման համար։ Այն նախատեսվում է բաշխել փրկարարների և ՀԱԷԿ-ի մինչև 10 կմ հեռավորությամբ գտնվող համայնքների միջև։
ԱԻ նախարարին նաև զեկուցել են, որ փրկարար ծառայության արագ արձագանքման ավտոմեքենաների վրա տեղադրվում են GPS տեսախցիկներ, ինչը կօգնի գրեթե ամբողջությամբ վերահսկել պատահարներին արձագանքման գործընթացը։
«Հիդրոմետ» ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը նախարարին զեկուցել է, որ այս օրերին Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում պահպանվում է բարձր կարգի հրդեհային վտանգավոր իրավիճակ` կապված ջերմաստիճանի բարձրացման հետ։
Առաջիկա չորեքշաբթի նախարարությունում տեղի կունենա ԱԻՆ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության վերաբերյալ հարցեր։ Նիստին հրավիրված են ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության, ԳԱԱ, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի, ԵՊՀ, ինչպես նաև «Գեոռիսկ» ընկերության ներկայացուցիչներ։
Անդրադառնալով սեպտեմբերի 4-ին նշվող ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին` Ա. Երիցյանը նշել է, որ տոնի կապակցությամբ տեղի կունենա հանդիսավոր նիստ, իսկ ծառայության մեջ աչքի ընկած աշխատակիցները կարժանան տարբեր պարգևների։ Տոնական միջոցառումների շարքում են նաև ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի և Երևանի Մյասնիկյան 1 հասցեում կառուցված նոր հրշեջ մասի հանդիսավոր բացման արարողությունները։
Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպվել էր շաբաթօրյակ, որի ընթացքում մաքրվել էր ԱԻ նախարարության բարեկարգված տարածքը։








































