Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ ԲՀԿ-ն անլիարժեքության բարդույթով է տառապում: «Առաջին լրատվական»-ը Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով, ինչո՞ւ են հենց այս փուլում քաղաքագետն ու ԲՀԿ-ն միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ տեղում:
«Ունենալով անլիարժեքության բարդույթ և հասկանալով, որ մտավոր ներուժը կենտրոնացված է հենց Քաղաքագետների միությունում՝ նրանք այսօր մեզ էժանագին մեղադրանքներ են ներկայացնում և փորձում են իրենց այսօրվա կարգավիճակն օգտագործել մեր դեմ հաշվեհարդարն առաջ տանելու համար: Նրանք ցույց տվեցին, որ Քաղաքագետների միության դեմ երեք դատական գործերի հետևում հենց իրենք են կանգնած: Իրենք իրենց ձայնը միացրեցին մեզ հալածողներին, մեզ հետապնդողներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ գործիչները զգում են՝ իրենց մտավոր կարողությունները բավարար չեն՝ լուծելու իրենց առջև դրված խնդիրները: «Մարդիկ անլիարժեքության բարդույթ ունեն, կոնֆերանս են հրավիրում, 14 երկրից հրավիրում են մարդկանց, բայց իրենք այդ մտավոր ներուժը չունեն, որպեսզի այդ պատվիրակություններին ներկայանան որպես գաղափարական ծրագրեր որդեգրած ուժ, որն ի վիճակի է հետխորհրդային ինտեգրման իր սեփական պլատֆորմը ներկայացնել»,- ընդգծեց քաղաքագետը:
ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ եթե Հմայակ Հովհաննիսյանին չխղճար, նրան դատի կտար: Քաղաքագետի խոսքով. «Մեր հայտարարության մեջ հստակ ասվում է, որ իշխող համակարգի օլիգարխիկ հենասյունն են ներկայացնում էդ մարդիկ: Իրենց ձեռքում է և՛ դատը, և՛ դատաստանը, և՛ հաշվեհարդարը, և՛ շանտաժը: Եթե իրենց ձեռքում չլինեին իրավապահ մարմինները, ապա այն բանից հետո, երբ Տիգրան Ուրիխանյանը կրակեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա, ինչպե՞ս պետք է ազատվեր պատիժը կրելուց»:









































