Այսօր Տամպ քաղաքում կմեկնարկի ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը: Համագումարի մասնակիցները պետք է պաշտոնապես հաստատեն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի և կոնգրեսական Փոլ Ռայանի թեկնածությունները նախագահի և փոխնախագահի պաշտոններում: Բացի այդ՝ Տամպում պետք է համաձայնեցվի Հանրապետական կուսակցության նախընտրական պլատֆորմը:
Համագումարի օրակարգը կազմվել էր նախապես, սակայն վերջին պահին որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված ԱՄՆ-ի հարավին մոտեցող «Իսահակ» փոթորկի հետ: Ընդ որում, երկուշաբթի բոլոր միջոցառումները հետաձգվել էին մինչև օգոստոսի 28-ը:
Համագումարի հետագա օրակարգը կախված կլինի եղանակից և կորոշվի աշխատանքային կարգով, սակայն հազիվ թե անհրաժեշտ լինի ֆորումը հետաձգել. արդեն երեքշաբթի տարերքը հավանաբար կնահանջի: Համագումարի գլխավոր նպատակն է ցույց տալ կուսակցության միասնականությունը, ինչպես նաև ընդգծել, որ Բարաք Օբաման ոչինչ չբերեց ԱՄՆ-ին, և այժմ ժամանակն է իշխանությունը փոխանցել 65-ամյա Միթ Ռոմնիին:
Համագումարին կմասնակցեն 2286 պատվիրակներ՝ 50 նահանգներից, և մի քանի հազար հյուր, այդ թվում՝ սենատորներ և կոնգրեսականներ:
Ֆորումի ամբիոնից ելույթ կունենան տասնյակ մարդիկ, այդ թվում՝ Ռոմնիի կինը` Էննը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները, նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը և կուսակցության այլ ականավոր գործիչներ:








































