Նույնիսկ ճգնաժամի նոր ալիքը, որի մասին խոսում են փորձագետներն ու վերլուծաբանները, չի խոչընդոտել նոր խոշոր գործարքների կնքմանը: «Բիզնես-Սթայլը» ամփոփել է վերջին ներդրումային գործարքները:
Կատարի թագավորական ընտանիքը շարունակում է գնել մոդայիկ ապրանքանիշերը: Նորաձևության Valentino իտալական տունը թագավորական ընտանիքին վաճառվել է 858 միլիոն դոլարով:
Volkswagen և Porsche գերմանական ընկերություններն ավարտել են միաձուլման գործընթացը: Ներկայումս Volkswagen կոնցեռնը 4.46 միլիարդ եվրոյով գնել է սպորտային մեքենաներ արտադրող ընկերության երկրորդ կեսը: 2009թ. VW-ն ձեռք էր բերել Porsche ընկերության 49.9% բաժնետոմսերը 3.9 միլիարդ եվրոյով: Կոնցեռնում հայտարարել են, որ Porsche-ի ապրանքանիշի զարգացումը կշարունակվի ըստ ծրագրի և ոչ ոք մտադիր չէ խլել ընկերության ինքնիշխանությունը:
Իսրայելցի միլիարդատեր Իցխակ Տշուվան վաճառել է Նյու Յորքի Plaza հյուրանոցի իր մասնաբաժինը` պատմական շինության վերակառուցման համար արված ներդրումների միջոցով ութ տարում աշխատելով 920 միլիոն դոլար: Անշարժ գույքի վաճառքով զբաղվող ամերիկյան Elad Group ընկերությունը Plaza հյուրանոցի իր ակտիվները վաճառել է Sahara Group հնդկական խոշոր ընկերությանը 575 միլիոն դոլարով:
2004թ. Իցխակ Տշուվան 675 միլիոն դոլարով ձեռք էր բերել 105-ամյա Plaza հյուրանոցը և էականորեն վերակառուցել էր այն` բաժանելով չորս մասի: Հյուրանոցի վերակառուցման համար գործարարը ներդրել էր մոտ մեկ միլիարդ դոլար:
Օգտվելով Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում տիրող շահավետ պայմաններից` Իցխակ Տշուվան վաճառում է իրեն պատկանող բոլոր բնակարանները` ստանալով 1.5 միլիարդ դոլար:
Starwood Capital ամերիկյան ներդրումային հիմնադրամը, որը մասնագիտացված է լյուքս դասի հյուրանոցների ուղղությամբ, մտադիր է կատարցի ներդրողներին վաճառել Ֆրանսիայում գտնվող չորս առանցքային օբյեկտներ, որոնցից են Martinez հայտնի հյուրանոցը Կաննում, Concorde Lafayette հյուրանոցը Փարիզում: Ընկերությունը նախատեսում է վաճառել նաև Փարիզում գտնվող Hotel du Louvre և Նիցցայի Palais de la Mediterranee հյուրանոցները:














































