Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության` զոհերի թիվը հասել է 300-400-ի: Քանի որ լրատվություն ստանալն այս երկրից անչափ դժվար է, կազմակերպության անդամները չեն կարողանում հստակ թիվ սահմանել:
BBC-ի փոխանցմամբ, երկրի տոհմացեղերը միավորվում են ընդդեմ Մուամար Քադաֆիի: Այս մասին հեռուստաընկերությանն է ասել Ուառֆլա տոհմացեղի ներկայացուցիչ, Լիբիայում հայտնի կրոնական առաջնորդ, պրոֆեսոր Արեֆ Ալի Նայեդը. «Բոլոր մեծ տոհմացեղերը Լիբիայում միավորված են: Միակ բանը, որ բաժանում էր նրանց` Քադաֆին է և նրա ռեժիմը: Միավորված Լիբիան իրականություն է, որը կենդանանում է արյան մեջ: Այդ է պատճառը, որ դուք տեսնում եք ժողովրդին, որոնք դուրս են եկել Տրիպոլիի փողոցներ դատարկ ձեռքերով` զոհվելով հանուն արևելքում (Լիբիայի.– 1in.am) նահատակված իրենց քույրերի և եղբայրների»,- նշել է Ալի Նայեդը:
Այս պահին հայտնի է նաև, որ ցույցեր են սկսվել Լիբիայի Ռաս Լանուֆ քաղաքում, որտեղ կան բազմաթիվ նավթավերամշակման գործարաններ: Այս ֆոնին տեղեկություններ են հայտնվել, որ Լիբիան զգալիորեն կրճատել է նավթի արտահանումը արտերկիր:
BBC-ն նաև տեղեկացնում է, որ Բենղազի քաղաքը, որը վերջնականապես անցել է ցուցարարների վերահսկողության տակ, ենթարկվել է օդային ռմբակոծության:









































