Այսօր, վաղ առավոտյան, Գյումրիում մահվան ելքով հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է արձանագրվել: Ժամը 03:30-ի սահմաններում արտասահմանյան արտադրության «Մերսեդես» մակնիշի 20 SS 529 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել փողոցի վրա գտնվող ծաղկի խանութին, ապա հարևանությամբ գործող սպասարկման օբյեկտին: Մեքենայի մեջ գտնվող ուղևորները, ովքեր Գյումրու Անի թաղամասի բնակիչներ են, մահացել են:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի թղթակցին պատմեցին ականատեսներն ու դեպքի վայրում աշխատող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` մեքենայի մեջ գտնվող ուղևորներից երեքը մահացել են տեղում, իսկ ուղևորներից ամենաերիտասարդը` 19 տարեկան Ա.-ն, մահացել է Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Մերսեդես» E320 մակնիշի 20 SS 329 պետհամարանիշի ավտոմքենայի ղեկին եղել է Գյումրի քաղաքի բնակիչ 24 ամյա Մկրտիչ Մանուկյանը:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ճշտվում են ավտովթարի պատճառները:
Փայլակ Ֆահրադյան` Շիրակի մարզային թղթակից












































