«Հրապարակ»-ը գրում է, որ սեպտեմբերի 9-ին Քաջարանում ևս քաղաքապեւո են ընտրելու: Օգոստոսի 5-ից սկսվել է առաջադրման ժամկետը, սակայն այստեղ դեռևս առաջադրումներ չկան: Սպասվում է, որ առաջադրվելու է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գևորգյանը:
«Քաջարանը, որի քաղաքական շնչառությունը պղնձամոլիբդենային կոմբինատն է թելադրում, մի մեծ աշխատանքային կոլեկտիվի է նման, մեկ մարդու՝ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դեմքին նայող: Քաջարանում նույնիսկ կատակում են՝ «Մեր քաղաքը փոքրիկ Սիրիա է, Մաքսիմն էլ Բաշար Ասադն է»: Կոմբինատի տնօրենը ոչ միայն Քաջարանի, այլև հարևան քաղաքների՝ Կապանի, Գորիսի համայնքապետերի ընտրությանն է միջամտում: Անցյալ ընտրություններում նա պաշտպանել էր Կապանի գործող քաղաքապետ, դաշնակցական Արթուր Աթայանին, սակայն Սյունիքում խոսում են, որ Մաքսիմ Հակոբյանն այս անգամ որոշել է պասիվ մնալ, և հարցական է՝ կպաշտպանի՞ արդյոք ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հարությունյանին, թե՞ ոչ:
Քաջարանցիներն ընդհանուր առմամբ վատ չեն վերաբերվում իրենց քաղաքապետին: Նշում են, որ Վարդան Գևորգյանը կռված տղա է, «Մաքսիմենց հետ լավ է», իրեն հասարակ է պահում և ամեն մեկի հետ լեզու է գտնում, բայց մի թերություն ունի՝ թույլ տղա է: «Լիսկայի, մեկ էլ Մաքսիմի արանքը որտեղ դնեն, այնտեղ էլ կմնա», – պատմեց մեզ ծանոթ քաջարանցի երիտասարդը»:










































