Շվեյցարացի գիտնականները ստեղծում են մի համակարգ, որի շնորհիվ ոչխարները կարող են կարճ հաղորդագրություններ ուղարկել հովիվներին գայլերի հարձակման մասին:
Հասկանալի է` կենդանիները դա ինքնուրույն չեն անի, այլ ավտոմատացված սարքի միջոցով, որն ամրացվում է ոչխարների վզկապին և ակտիվանում է, եթե կենդանու սիրտը սահմանվածից արագ է աշխատում: Դա լինում է, երբ կենդանին վախենում է հայտնված գազանից:
Վերջերս համակարգի նախատիպերը Շվեյցարիայում անցել են դաշտային փորձարկում: Սենսորները և փոխանցիչները ամրացված են եղել 10 ոչխարի վզկապերին, որից հետո հոտի ուղղությամբ բաց է թողնվել գերմանական հովվաշան և գայլի խաչասերումից ստացված 2 կենդանի: Գազանները, իհարկե, դնչկալով են եղել, սակայն նոր համակարգը գործել է:
Հեղինակները խոստանում են աշնանը սկսել սարքի սերիական արտադրություն, իսկ եկող տարի նախատեսվում են դրա լիարժեք փորձարկումներ Շվեյցարիայում և Ֆրանսիայում: Նախագծով հետաքրքրվել է նաև Նորվեգիան:











































