ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» 30.316 մլն եվրո և «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» 6.5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրերը:
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները, որը նրանց թույլ կտա իրականացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:
«Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» նպատակն է բարելավել ՀՀ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 17 բնակավայր սպասարկող` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման օբյեկտների վերակառուցումն ու արդիականացումը: Մասնավորապես` նախատեսվում է բարձրացնել 300.000 սպառողներին մատուցվող ծառայությունների որակը` զգալիորեն երկարացնելով խմելու ջրի մատակարարման տևողությունը, որը ներկայում կազմում է միջինում ավելի քիչ, քան 14 ժամ, ինչպես նաև ապահովել ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ստորագրեցին նաև «Փոքր համայնքների ջրային ծրագրի» ծրագրային համաձայնագիրը, համաձայն որի «Հայջրմուղկոյուղին» պետք է ապահովի վերոնշյալ ծրագրի իրականացումը:











































