Ռուս բանկիր Ալեքսանդր Լեբեդևը հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին հանձնել իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Ռուսաստանում կոռուպցիայի առկայութան վերաբերյալ, որոնք ապացուցում են պետական պաշտոնյաների կողմից տասնյակ միլիարդ դոլարների յուրացման փաստերը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս մասին Լեբեդևը հայտնել է օգոստոսի 4-ին Մոսկվայից հեռախոսային հարցազրույցով:
Բանկիրը պնդում է, որ այդ փաստաթղթերի մի մասն արդեն դուրս է հանել երկրից: Նա փաստաթղթերը վերոհիշյալ երկրներին փոխանցելու իր մտադրությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանից գողացված միջոցները լվացվել են արտասահմանում: Լեբեդևը հայտարարել է, որ կոռուպցիայի մասին տեղեկությունների հավաքագրմամբ զբաղվում է 2006թ.-ից:
«Ես ցանկանում եմ, որ միազգային հետաքննություն անցկացվի այս երկրում բանկերից և ընկերություններից գողացված տասնյակ միլիարդ դոլարների հարցով,- հայտարարել է Լեբեդևը:- Ես գիտեմ, թե որտեղ են գտնվում այդ գումարները: Ես դրանով երկար տարիներ զբաղվել եմ, և ես կարծում եմ, որ հնարավոր է, որ դա ինձ վրա հարձակումների համար մեկ պատճառն է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեբեդևը հայտարարել էր, որ պատրաստվում է վաճառել Ռուսաստանի իր ակտիվները՝ վախենալով իշխանությունների կողմից իր նկատմամբ քրեական հետապնդումներից:








































