Սուդանի և Հարավային Սուդանի միջև տարածքային սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի 26-ին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով Սուդանի ԱԳՆ ներկայացուցչին:
Անցած ուրբաթ հակամարտող կողմերը համաձայնության էին եկել նավթի տարանցման սակագնի հարցի շուրջ, ինչը կռվախնձոր էր դարձել կողմերի միջև: Այս գարնանը հնարավոր եղավ խուսափել նավթով հարուստ Հեգլիգ նահանգի պատկանելիության հետ կապված լայնածավալ պատերազմից:
Սուդանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլ-Օբեյդ Մորավայի խոսքով` նավթի մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն սահմանին վերաբերող հարցերի լուծումից հետո: «Մեր կառավարության համար անվտանգությունը առաջնահերթություն է»,-հայտարարել է Մորավան:
Հարավային Սուդանի կողմից այս առնչությամբ մեկնաբանություն չի ստացվել: Նավթի տարանցման հարցերի շուրջ կողմերի համաձայնության գալը ողջունել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Սպասվում էր, որ այն ուժի մեջ կմտնի մոտ ժամանակներս, սակայն Սուդանի այս հայտարարությունը հուսախաբ է անում: Այն բանից հետո, երբ կողմերը չկարողացան համաձայնության գալ սահմանային անվտանգության ապահովման հարցում` որպես ապառազմականացված գոտու ստեղծման առաջին քայլ, Հարավային Սուդանը հայտարարեց, որ սահմանային հարցերը պետք է լուծել միջազգային դատարանում:










































