Երկուշաբթի համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են` ԱՄՆ դաշնային պահուստի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթի ֆոնին: Նրա ելույթից ներդրողները ակնկալում էին տնտեսության խթանմանը վերաբերող նոր որոշումներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Լոնդոնյան IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հյուսիսծովյան Brent Crude Oil նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,61 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 109,55 դոլար: Նյու Յորքի NYMEХ բորսայում Light Sweet Crude Oil ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,80 դոլարով` մեկ բարելի դիմաց հասնելով 92,20 դոլարի:
Համաշխարհային բորսաներում նավթի գինը սկսել է կտրուկ աճել դեռևս ուրբաթ օրվանից, երբ ԱՄՆ աշխատանքի նախարարը հաղորդեց հուլիս ամսվա աշխատաշուկայի տվյալները: Չնայած այն բանին, որ գործազրկությունը կազմում է 8,3%` անցած ամսվա 8,2%-ի փոխարեն, աշխատատեղերը երկրի տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում հուլիսին աճել են 163 հազարով` 95-100 հազար կանխատեսման դիմաց:










































