ԱՄՆ-ում այսօր առավոտյան բացահայտվել է բժշկական ապահովագրության հետ կապված հերթական խոշոր հանցախումբը: Medicare ծրագիրը նախատեսված է 65-ն անց մարդկանց համար, և այս ծրագրի շրջանակներում հատկապես հեշտ է լինում դիմել խարդախությունների:
Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, ձերբակալվել են 111 կասկածյալներ, որոնց թվում են բժիշկներ, կրտսեր բժշկական անձնակազմի անդամներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Այս հանցախմբի ձերբակալությանը մասնակցել է հատուկ ծառայությունների և իրավապահ համակարգի ավելի քան 700 աշխատակից:
Ձերբակալությունները տեղի են ունեցել ԱՄՆ մի շարք քաղաքներում` Լոս Անջելես, Բրուքլին, Բաթոն-Ռուժ, Հյուսթոն, Դեթրոյթ և Տամպա: Ձերբակալվածների թվում են նաև նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ, քանի որ, ըստ հեռուստաալիքի, նրանց մի մասին մեղադրանքը կարդացել են ռուսերենով:
Նախնական տվյալներով, պատճառված վնասը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների: Օրինակ՝ Նյու Յորք քաղաքում արդեն հայտնի է, որ Medicare ծրագրի շրջանակում հանցագործներին հաջողվել է ստանալ ավելի քան 90 մլն դոլար:
Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Medicare ծրագրի շրջանակներում արդեն ձերբակալվել էր մեծ հանցավոր խումբ, որի անդամների մեծ մասը հայաստանցիներ էին` «օրենքով գող» Պզոյի գլխավորությամբ: