Լոռու մարզի Ղուրսալ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, սակայն ղուրսալեցիները չեն կարողանում զբաղվել վար ու ցանքով, քանի որ համայնքի ցանքատարածությունները չմշակելու ու ցանք չկատարելու պատճառով վերածվել են խոտհարքերի:
Համայնքի ղեկավար Մհեր Մինասյանն ասում է, որ այս տարի գյուղացիները չեն օգտվել անգամ կառավարության տրամադրած սերմնացուից` անցած տարվա փորձն իրենց աչքի առաջ ունենալով: «Անցած տարի էդ սերմնացուից, գյուղատնտեսական վարկերից ու ամեն ինչից օգտվեցին մեր գյուղացիները, բայց տարվա վերջում վնասով դուրս եկան, մենակ չարչարանքը մնաց, դրա համար էս տարի է՛լ ոչ մի բանից չուզեցին օգտվել, ցանքատարածություններն էլ չմշակելուց լրիվ խոտհարք են դարձել»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Մհեր Մինասյանը:
Ղուրսալ համայնքը ադրբեջանահայերով բնակեցված գյուղ է, այն հենց Ադրբեջանից գաղթած հայերն են հիմնել, ապրում են Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի ու այլ շրջանների եկվորները, բայց տարիներ շարունակ գյուղի մի մասն ունի վառելիքի խնդիր, թաղամասերի ճնշող տոկոսը գազաֆիկացված չէ, բացի այդ՝ ամբողջ գյուղի խմելու ջրի խողովակը յոթանասունական թվականներին է տեղադրվել, հիմա ամբողջովին քայքայված վիճակում է ու անհրաժեշտ է փոխել: Համայնքի ղեկավարը նշեց, որ գազաֆիկացումն ու նորմալ ջրամատակարարումը 543 բնակիչ ունեցող համայնքի համար գերխնդիր է համարվում:







































