Աֆղանստանի ազգային թանգարանին օգոստոսի 5-ին վերադարձվել է 843 ցուցանմուշ, որոնք գողացել էին 1990-2001 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գողացված նմուշները հանցախումբը տարել էր Մեծ Բրիտանիա, և դրանք վերադարձվել են բրիտանական թանգարանի օգնությամբ:
Վերադարձված ցուցանմուշների թվում է հանրահայտ «Փղոսկրե դրվագազարդումները», որ թվագրվում է մ.թ. առաջին դարով: Թանգարանին է վերադարձվել նաև Բուդդայի արձանը, որը թվագրվում է երկրորդ կամ երրորդ դարով, մեծ քանակությամբ անտիկ և միջնադարյան դրամներ:
AFP-ը նշում է, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ Աֆղանստանը զրկվել է իր հավաքածուի 70 տոկոսից:





































