Իսպանացի նախկին դատավոր Բալտասար Գարսոնը կստանձնի Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանի ծառայությունները: Գարսոնը հայտնի է որպես Չիլիի նախկին բռնապետ Ավգուստո Պինոչետի ձերբակալման օրդեր հատկացնող: Ասանժի փաստաբանական պարտավորությունները ստանձնելու մասին Գարսոնը հայտարարել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում` Ասանժի մոր հետ լրագրողների առջև ելույթ ունենալիս: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Գարսոնի խոսքով` ինքը Wikileaks-ի հիմնադրին կպաշտպանի անվճար: Նրա խոսքով` Ասանժը ո՛չ ահաբեկիչ է, ո՛չ ծովահեն: Նախկին դատավորը իր ստանձնած ծառայությունը կարևորում է խոսքի ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ:
Ջուլիան Ասանժը հունիսին քաղաքական ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Պատճառն այն էր, որ բրիտանական իշխանությունները պատրաստվել են սկսել նրան Շվեդիա արտահանձնելու գործընթացը: Ասանժը մտավախություն ունի, որ հետագայում Ստոկհոլմը նրան կհանձնի ԱՄՆ-ին: Բանն այն է, որ ամերիկյան իշխանությունները կարող են նրան մեղադրել լրտեսության մեջ, ինչը ԱՄՆ օրենքներով խստորեն պատժվում է` ընդհուպ մինչև մահապատիժ:











































