«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը:
– Պարոն Վարդանյան, մինչ մեր հավաքականը առայժմ անհաջողություններ է արձանագրում, հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը ամենաբարձր կարգի օլիմպիական մեդալը պարգևեց Ռուսաստանի հավաքականին: Դրա փոխարեն մեր հավաքականներում ընդգրկված են օտարազգի մարզիկներ, ինչպես, օրինակ, Պատրիկեևը, Հաջի Մուրադ Նուրմագոմեդովը, ովքեր, փաստացի, հաջողություններ չեն արձանագրել: Գուցե Օլիմպիական կոմիտեն չի՞ կարողանում ճիշտ ընտրություն կատարել:
– Ով շատ վճարում է, մարզիկը այդ երկրի դրոշի ներքո է հանդես գալիս: Ինչ վերաբերում է Արսեն Գալստյանին, հիշեցնեմ, որ նա, տարիներ առաջ մեկնել է Ռուսաստան, ստացել ՌԴ քաղաքացիություն և հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Իհարկե, շատ հաճելի է, որ հայազգի մարզիկը հաջողություններ է արձանագրել: Ու եթե մենք իմանայինք, որ նա այդքան շնորհալի մարզիկ է, ապա գումարներ չէինք խնայի և ամեն ինչ կանեինք, որպեսզի Արսեն Գալստյանը մեր հանրապետությունը ներկայացներ: Բայց մենք ի՞նչ իմանայինք, որ նա այդքան շնորհալի մարզիկ կարող էր լիներ: Չէ՞ որ նա տասը տարի առաջ մեկնել էր երկրից: Չեմ ուզում քաղաքականացնել մեր զրույցը, բայց ի՞նչ է ստացվում` պիտի հետևենք, թե ո՞վ է մեդալներ բերում, գնանք վարձատրենք, որ մեր երկրի դրոշի ներքո՞ հանդես գա:
– Այսինքն` դժվա՞ր է կանխատեսել, թե ով կարող է հաղթանակ բերել:
– Ոչ միայն դժվար է, այլև ոչ ճիշտ մոտեցում է: Բախտ ու ճակատագիր է: Ով որտեղ հարմար է գտնում, այնտեղ ապրում է, այնտեղ մարզվում, այդ երկրի համար էլ հանդես է գալիս: Կոպիտ ասած` նա այդ երկրի «կուտն» է ուտում, այդ երկրին էլ պիտի պատասխան տա:
– Պարտությունները միայն Հայաստանի հետ չէ, որ պատահում են: Օրինակ՝ Կորեայի հավաքականը նույնպես 2006թ. Պեկինի օլիմպիական խաղերում ձախողվեց: Սակայն օլիմպիական խաղերի ավարտից հետո նրանց բոլորին ուղարկեցին ուղղիչ աշխատանքային գաղութ` որպես պատիժ արձանագրած ձախողումների համար: Նույն կերպ, ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը «Եվրո-2012»-ում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքները, որից հետո հեռացվեց թիմի հոլանդացի գլխավոր մարզիչը, ում Ռուսաստան հրավիրելու համար միլիոնավոր դոլարներ էին ծախսել: Հայաստանյան ֆիասկոների դեպքում չարժե՞, որ նմանատիպ պատժիչ գործողություններ իրականացվեն` հանուն մյուս մրցումներում արձանագրելիք հաջողությունների:
– Ոչ բոլոր ձախողումների դեպքում է կարելի մարզիչներին կամ ֆեդերացիաների նախագահներին պատժել: Ես չեմ կարող մեր մարզիկների անհաջողությունները վերագրել մարզիչներին կամ ֆեդերացիաների ղեկավարներին: Բայց, նկատի ունենալով ձախողումները, պետք է ենթադրություններ անենք` և՛ սպորտի ղեկավարները, և՛ մարզիկները: Որքան էլ չքաղաքականացնենք սպորտը, բայց այն, միևնույն է, երկրի դեմքն է ներկայացնում աշխարհին: Մենք պետք է լուրջ մոտենանք այս հարցին և անպայման հետևություններ անենք այն փաստից, որ օլիմպիական խաղերը կիսվել են, սակայն մենք դեռևս ոչ մի հաջողություն չունենք: Մենք պետք է անհաջողությունների պատճառները հասկանանք, ոչ թե պատժենք սպորտի ղեկավարներին:
– Ձեր կարծիքով՝ որո՞նք են մեր անհաջողությունների պատճառները:
– Եթե ասեմ, թե մեր մարզիկները անպատրաստ են գնացել օլիմպիական խաղերին, սխալ կլինի, որովհետև խաղերից առաջ` մարզումների ժամանակ, ես ականատես եմ եղել մեր մարզիկների հաջողություններին: Ես դժվարանում եմ բացատրել, թե ինչու արդեն օլիմպիական խաղերի ժամանակ անհաջողություններ են արձանագրում: Հոգեբանական ճնշվածության հանգամանք եմ ես տեսնում: Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել: Անկեղծ եմ ասում:
– Մամուլում և սոցիալական ցանցերում բավականին հեղինակավոր մարդիկ մեր մարզիկների տապալումներում մեղադրել էին Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին` նշելով, որ անգամ ուղիղ եթերում սպրդացել էր այն պահը, երբ վերջինս «հոխորտում ու ամբախ-զամբախ խոսում էր ծանրորդների վրա»: Գուցե, իսկապես, հոգեբանական ճնշվածությո՞ւն է եղել մարզիկների վրա:
– Սամվել Խաչատրյանի հետ միասին ենք գնացել, հետևել մարզումներին: Այդպիսի պահվածք Սամվել Խաչատրյանի կողմից չի եղել: Նա ոչ իմ հին բարեկամն է, ոչ հարազատն է, նրան գովերգելու խնդիր չունեմ, բայց նա մարզիկների վրա ճնշում չի գործադրել: Ուղղակի, իսկապես, խաղերի ժամանակ հոգեբանական ճնշվածություն կարող է նաև լինել:
– Նույն կերպ, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը մարզանքի ժամանակ ռեկորդ էր սահմանել: Հետո հայտարարվեց, որ Տիգրանը վնասվածք է ստացել և վերադարձել Հայաստան: Ինչո՞վ է սա պայմանավորված:
– Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես է Տիգրանը մարզումների ժամանակ շատ բարձր ցուցանիշներ արձանագրել: Բայց սա սպորտ է, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ է իրեն սպասվում: Մարզումներից առաջ Տիգրանը, մեծ քաշերի մոտենալով, վնասվածք է ստացել: Նրա մասնակցությանը շատ կարճ ժամանակ էր մնացել, և չհասցրինք ապաքինել Տիգրանի վնասվածքը: Դա է պատճառը, որ Տիգրան Մարտիրոսյանը չմասնակցեց մրցումներին:
– Իսկ մեր մարզիկները որքանո՞վ են ապահովագրված եղել, զերծ մնացել դոպինգի կիրառումից:
– Բոլոր մարզիկներն էլ օգտագործում են խթանիչներ: Բայց միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում այս իմաստով: Միջազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի ցանկացած պահի ստուգումների ենթարկել ցանկացած երկրի օլիմպիական խաղերի մասնակիցներին: Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները նաև եղել են Հայաստանում, ստուգել մեր մարզիկներին: Մեր մարզիկները նորմալ վիճակում են եղել և իրավունք են ունեցել մասնակցել օլիմպիական խաղերին: Այս իմաստով մենք որևէ խնդիր չենք ունեցել:
– Պարոն Վարդանյան, ի՞նչ եք կարծում, մենք չափազանց ցավագի՞ն ենք ընդունում մեր հավաքականի պարտությունը, թե՞ հասարակական արձագանքներն ադեկվատ են իրավիճակին:
– Մենք նորմալ չենք արձագանքում: Չափից ավելի ծանր են ապրումները: Իհարկե, մենք մեծ սպասելիքներ ունեինք մեր մարզիկներից, բայց պետք չէր այդքան բուռն արձագանքել: Հուսանք, որ դեռևս ելույթ չունեցած մեր մարզիկները չեն ընկճվի նախորդած պարտություններից, այլ հակառակը, կամք կցուցաբերեն և կկարողանան ուրախացնել մարդկանց, որովհետև ժողովուրդը նրանցից հաղթանակներ ու մեդալներ է սպասում:
– Ինչո՞ւ մարզիկների ելույթների մասին Ձեր մասնագիտական գնահատականին նույնպես այսպիսի բուռն արձագանք եղավ: Սա էլ է՞ր հասարակության` ոչ ադեկվատ արձագանքի շարքից:
– Ես միշտ անկեղծորեն արտահայտել եմ իմ մտքերը: Այս պահին էլ` նույնն եմ անում: Եթե իմ մեկնաբանությունները ոմանք սխալ են ընկալում` չգիտեմ ինչ նկատառումներից ելնելով, դա իրենց խնդիրն է: Ես ցավագին չեմ ընդունում այդ մեկնաբանությունները: Ես արդեն մեկնաբանել եմ այդ արձագանքները, և չեմ կարող ամեն անգամ յուրաքանչյուրին պատասխանել: Կոնկրետ Առաքելի մասով ես գտնում եմ, որ պրոֆեսիոնալ չէր առանձին մարզվելը: Չգիտես ինչու քաղաքականացրին իմ մեկնաբանությունը: Եվ ես կրկնում եմ` այո՛, սխալ էր առանձին մարզվելը, ու պետք էր հաշվի առնել պրոֆեսիոնալների կարծիքն ու հասկանալ` արդյո՞ք ճիշտ էր անհատապես մարզվելն ու օլիմպիական հարթակ դուրս գալը:
– Անգամ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանեց Ձեր գնահատականները` դրանք համարելով վիրավորանք` ուղղված կուսակցության առաջնորդ, նաև Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Առաքել Միրզոյանի հայրը անձամբ Գագիկ Ծառուկյանից էր թույլտվություն ստացել որդուն առանձին մարզելու համար: Ճիշտ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանը հարցներ կոմպետենտ մարդկանց, չեմ ասում, թե հենց ինձ հարցներ, արդյո՞ք ճիշտ է, որ մարզիկն առանձին մարզվի և դուրս գա օլիմպիական հարթակ: Եթե որևէ մասնագետ, ճանապարհ անցած մեկը կասեր, որ դա ճիշտ է, այդ ժամանակ ես կընդունեի, որ Գագիկ Ծառուկյանին է տրված վերջին խոսքի իրավունքը, և նա ճիշտ որոշում է կայացրել:
Լուսանկարը` PanArmenian Photo-ի









































