ՆԱՍԱ-ն ամերիկյան ընկերություններին 1.1 մլրդ դոլար կտրամադրի նավերի մշակման և փորձարկման համար, որոնք կփոխարինեն շահագործումից հանված նավերին: Այս մասին հայտարարել են ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչները:
Առավել մեծ գումար՝ 460 մլն դոլար, կստանա Boeing-ը, որը Bigelow Aerospace ընկերության հետ մշակում է CST-100 տիեզերանավը: Այն ի վիճակի կլինի տանել 7 մարդ և նախատեսված է ոչ երկարատև տիեզերական արշավների համար:
440 մլն դոլար ՆԱՍԱ-ն կտրամադրի կալիֆոռնիական SpaceX-Space Exploration Technologies ընկերությանը, որն առայժմ առավել հաջողությունների է հասել տիեզերական թռիչքների յուրացման ոլորտում:
Գումարի մնացած մասը՝ 213 մլն դոլար, կտրամադրվի ոչ այնքան հայտնի Sierra Nevada ընկերությանը:
ՆԱՍԱ-ի տնօրեն Չարլզ Բոլդենը հայտնել է, որ հատկացվող գումարները կծառայեն ոչ միայն ամերիկյան տիեզերական ծրագրի բարօրությանը, այլև կստեղծեն բարձր վարձատրվող աշխատատեղեր աշխարհի տարբեր վայրերում:








































