AMGA հեռուստաընկերության փոխանցմամբ, Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը օգոստոսի 1-ին որոշում է ընդունել փուլային մոտեցում մշակել` հայերենը, ռուսերենը և պարսկերենը որպես պաշտոնական լեզուներ քաղաքային ընտրություններում ներառելու համար:
Ծախսատար լինելու պատճառով, քվեաթերթիկները դեռևս այդ լեզուներով չեն լինի, քաղաքը սակայն կդիմի տարբեր համայնքներին` ընտրությունների համար փնտրելու այնպիսի աշխատողներ, ովքեր խոսում են այդ լեզուներով` առաջարկելով ընտրությունների մասին տեղեկություններ այդ լեզուներով:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջուն Լեգմեյը հաղորդել է, որ ծրագիրը կմեկնարկի 2015 թ-ին: Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ասել է, որ հայերենն ամենաշատ տարածվածն է քաղաքում` անգլերենից, իսպաներենից և կորեերենից հետո: Իր հերթին խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին ավելացրել է, որ այս կերպ Լոս Անջելեսը կարող է ավելացնել ընտրողների մասնակցությունը:
-Վերջին ընտրություններին նկատեցինք, որ կարող ենք մասնակցությունը 2000-ով ավելացնել հայերեն խոսող ընտրողներով,-ասել է նա, հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ:








































