Այսօր` օգոստոսի 4-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում «Վազ 21 012» մակնիշի 29 ԼՕ 218 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրափոսի մեջ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորուհին մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ նրա գրկում եղած 1-ամյա աղջիկը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 3-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննչական բաժանմունքի պետ Խաչիկ Ավոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Քոչար Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու համար վարորդի, մահացած երեխայի և վիրավոր ուղևորուհու տվյալները:











































