Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ է հայտնվել գյումրեցի ևս մեկ ազատամարտիկ: Այս անգամ փաստաթղթեր կեղծելու և արդյունքում կեղծ կենսաթոշակ ստանալու մեջ մեղադրվում է Արցախի ինքնապաշտպանական մարտերի մասնակից, ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը: Նա մարտի դաշտում եղել է 4 տարի և ստացել է կոնտուզիա: Դատարանում վիճարկվում է այն հարցը, թե Բաղդասարյանը կոնտուզիա ստացել է մարտի դաշտում, թե խաղաղ պայմաններում:
Դատարանն այսօր լսել է դատարան վկայակոչված վկաներից Երվանդ Սեֆիլյանին, ով կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկ է:
Հովհաննես Բաղդասարյանը հայտարարել է, որ իր վրա փորձում են գործ սարքել: Վերջինիս շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դատավարությունների այս շարքը սերիալային սյուժեով շոու է, ցույց տալու համար, որ իբրև թե դատաիրավական համակարգը աղաղակող չարաշահումները բացահայտում է:
Փայլակ Ֆահրադյան Շիրակի մարզային թղթակից







































