Սերժ Սարգսյանն այլևս կարող է հանգիստ շունչ քաշել. վերջապես իրեն հաջողվեց հաղթանակ տանել Քոչարյանի նկատմամբ ու իրեն ենթարկեցնել ԲՀԿ-ին՝ ՕԵԿ-ի նման այս կուսակցությանը ևս դարձնելով ՀՀԿ կցորդը:
Նախագահական նստավայրում իշխող կոալիցիան ի վերջո ստորագրեց վաղուց սպասված հայտարարությունը, որում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը փաստում են, որ նախագահի առաջիկա ընտրություններում հանդես են գալու միասնական թեկնածուով՝ «ի դեմս գործող նախագահի»: Բացի այդ, կոալիցիոն կուսակցությունները վստահեցնում են, որ իրենք «միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանին հաջորդ ընտրություններում ևս սատարելու մասին հայտարարությունը դարձել էր ներկոալիցիոն հակասությունների հիմնական պատճառը, քանի որ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չէր ցանկանում դիրքորոշում արտահայտել 2013 թ. կայանալիք նախագահի թեկնածուի հարցում՝ խոստանալով դա անել միայն 2012թ. սպասվող ԱԺ ընտրություններից հետո: Ավելին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե իրենք ձգտելու են խորհրդարանի ընտրությունների արդյունքում 50+1 ձայն հավաքել:
Խնամիս ու ես
Ժամը 13-ին ԱԺ 334 սենյակում սկսվեց ԲՀԿ քաղխորհրդի նիստը: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հավաքվել էին ոչ միայն պատգամավորները, այլև ԲՀԿ-ական նախարարները: Նիստը դռնփակ էր: Ճիշտ նույն ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էլ ՀՀԿ-ականներն էին հավաքված. այնտեղ էր անձամբ ԱԺ ՀՀԿ-ական նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Մոտ 30 րոպե անց ավարտվեց ԲՀԿ քաղխորհրդի նիստը: Մոտավորապես այդքան էլ տևել էր ՀՀԿ-ում Հ. Աբրահամյանի գլխավորությամբ հանդիպումը:
ԲՀԿ-ականները դուրս եկան առավել քան լարված, տխուր, մռայլ ու մտախոհ դեմքերով: Միայն Գագիկ Ծառուկյանի դեմքին կար ժպիտ: Պատասխանեց ընդամենը մեկ հարցի:
«Մենք ընդհանրապես ասել ենք, որ հիմա գնում ենք մենք խորհրդարանական ընտրությունների, խորհրդարանական ընտրություններից հետո նոր ասելու ենք, թե նախագահական ընտրություններում ում ենք սատարելու: Ճի՞շտ է, թե՞ ոչ: Ուրիշ բան ասե՞լ է պարոն Ծառուկյանը կամ իր թիմը: Ոչ»,- Ծառուկյանը դիմեց լրագրողներին ու շարունակեց.
«Միայն խնդիրը եղել է ժամկետի առումով, ասել էինք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կասենք միասնական թեկնածուի համար: Բայց երկիրը ծանր խնդիրների առաջ է ծառացած, սիրելի լրագրողներ ջան, տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ռազմական, իսկ այսօր երկրի նախագահը, որ պետք է բանակցեր Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր է, որ իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա այդ խնդիրներով լիարժեք բանակցություններ վարի, կարողանան խնդիրները լուծում ստանալ ի օգուտ երկրի, ի օգուտ ժողովրդի բարեկեցության, բարգավաճման համար: Դրա համար մենք այսօր ասում ենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով՝ ի դեմս երկրի նախագահի: Շնորհակալություն»:
Այսքանից հետո Ծառուկյանը հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների մյուս հարցերին: Իսկ հարցերը, թերևս, շատ էին:
Հարցեր թարսուշիտակ, հարցեր շատ տարօրինակ
Տարօրինակ է, որ կոալիցիոն կուսակցությունները հայտարարել են նախագահի ընտրություններում միասնական թեկնածու ունենալու մասին, մինչդեռ չեն որոշել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու խորհրդարանի ընտրություններին: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը դժվարացավ որևէ բան ասել խորհրդարանական ընտրություններին կոալիցիայի մասնակցության ձևաչափի մասին:
Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խոսքերով, դրա մասին լրացուցիչ խոսակցություն կլինի: Ուշագրավ է նաև այն փաստը, որ չի բացառվում ԱԺ ընտրությունների արդյունքում էապես փոխվի խորհրդարանի խճանկարը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը կիսում է մեր այս դիտարկումը: «Չեմ կարող ասել՝ կոալիցիա ԱԺ ընտրություններից հետո կստեղծվի՞, թե՞ ոչ: Գուցե չստեղծվի, կուսակցություններից մեկը շատ բարձր ձայներ տանի և մյուս կուսակցություններին առաջարկ չանի, քանի որ միայնակ կղեկավարի: Ուստի՝ նախօրոք նման բանի մասին խոսելը ճիշտ չէ: Բայց այնուամենայնիվ, ես հավանական եմ համարում, որ կոալիցիա ստեղծվի, որ ԲՀԿ-ն կլինի կոալիցիայի մեջ:
Ես ԲՀԿ-ին այլ կերպ չեմ պատկերացնում: Այն կկազմի իշխանության մաս: Սա ամենախելամիտ որոշումն է, որ կայացվեց»,- հայտարարեց Թովմասյանը:
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ կոալիցիոն կուսակցությունների՝ ԱԺ ընտրություններին ստացած ձայների թիվն իրենց բոլորի «արդյունքների համամասնությունն է»: «Ենթադրենք՝ երեք ուժերս միասին վերցրինք ձայների կա՛մ 60, կա՛մ 30 տոկոսը: Ինչ վերցրինք, բոլորինս է: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ժողովրդի մեծ ձայներով քվեն ստացած քաղաքական ուժերը պետք է համատեղ գործեն: Մենք այդ ճանապարհով պիտի գործենք: Իսկ տեսական խնդիրները ժամանակն ինքը կորոշի»:
Մեր հարցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ն չի վստահում կոալիցիոն գործընկերներին ու հիմիկվանից խոստումներ է կորզում, Սահակյանը նշեց. «Դրանք այն քաղաքական հնարքներն են, որ կարող են ձուլվել մեր հակառակորդների կողմից: Այստեղ վստահել-չվստահելու խնդիր չկա: Հիմա դեռ որոշված չէ՝ միասի՞ն ենք գնալու, թե՞ առանձին: Դա չենք կարևորում: Կարևորում ենք համաձայնեցված գործողությունները, որովհետև այսպես, թե այնպես, ինչ հայտարարությամբ էլ հանդես գանք, ԱԺ առաջիկա ընտրությունների պատասխանատվությունն ընկնում է կոալիցիայի վրա»:
Ինչ կատարվեց իրականում
Շատերն են համոզված, որ ստորագրված հայտարարությունն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի դեմ: Եվ հիմա Սերժ Սարգսյանն այլևս կարող է հանգիստ շունչ քաշել. ինքն այսպես հաղթանակ տարավ Քոչարյանի նկատմամբ, ու վերջապես հաջողվեց իրեն ենթարկեցնել ԲՀԿ-ին, կուսակցություն, որի միջոցով, ենթադրվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ներպալատական հեղաշրջում կատարելու և իշխանության վերադառնալու թաքուն հույսեր էր կապում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այդպես լուծեց ապագա ընտրություններում ռեժիմի թեկնածուն լինելու խնդիրը:
ՀՀԿ-ն, իհարկե, կցանկանար ԲՀԿ-ին գործուղել ընդդիմադիր դաշտ, որպեսզի պատկառելի թվով ձայներ պոկեր ընդդիմությունից: Սակայն Քոչարյանի վերադարձի վտանգը Ս.Սարգսյանի համար այնքան մեծ է եղել, որ իշխանությունները որոշեցին չգնալ այդ քայլին ու զոհաբերել իրենց այս գաղափարը: Իհարկե, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում հակառակն էր պնդում: «Ես որևէ միտում չեմ տեսնում այստեղ: ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, որևէ մեկի դեմն առնելու, խանգարելու խնդիր չունի»,- ասաց նա:
Իսկ հետո՞
Ակնհայտ է՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի նման դարձավ ՀՀԿ կցորդը, այս կուսակցության վարկանիշը գնալով ընկնելու է: Սա, թերևս, որևէ կասկած չի հարուցում որևէ մեկի մոտ. նույնիսկ ԲՀԿ-ականներն են մասնավոր զրույցներում խոստովանում այդ մասին: Բայց և չեն կարող բարձրաձայնել և այլ քայլի դիմել, քանի որ դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի այդ դեպքում ԲՀԿ-ի հետ, քանի րոպե հետո Ծառուկյանը կսննկանա, իսկ այսօր նրան «արքա»-ով դիմողները հանուն իրենց բիզնեսի ինչպես կուրանան առաջնորդին: Ուստի միակ տարբերակը մնում էր հնազանդվել Ս. Սարգսյանի պահանջներին:
Ի դեպ, նրա հաջորդ պահանջը լինելու է ոչ միայն ՀՀԿ և ՕԵԿ, այլև ԲՀԿ պատգամավորների ցուցակն «անուն առ անուն համաձայնեցնելը», որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի շեղվել ու «խաղեր տալ»:
Ինչևէ, այսօր Ծառուկյանի խոսնակ Գալստյանին հարցրինք՝ ԲՀԿ-ն շահե՞ց այս քայլից, թե՞ ոչ: «Սրանից շահելու է մեր պետությունը, մեր պետականությունը, մեր ժողովուրդը: Դա ակնհայտ է»,- նշեց Խ. Գալստյանը:










































