1903թ. այս օրը Կ.Պոլսում ծնվեց ֆրանսահայ նշանավոր գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Շահան Շահնուրը (Շահնուր Զաքարի Քերեսթեճյան):
Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանն ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ: 1922–ին հաստատվել է Փարիզում, որտեղ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը:
Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։ 1929թ. լույս է ընծայել իր առաջին «Նահանջը առանց երգի» վեպը` ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ 1933–ին հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։ Որոշ ժամանակ նա ստեղծաքործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հադվածներ ու մանրապատումներ։
1939թ. «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։
Առողջական վիճակի վատացման պատճառով 1974թ. օգոստոսի 20-ին Փարիզում ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը:











































