Մոնղոլիայի նախկին նախագահ Նամբարին Էնհբայարը մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: Նրան սպառնում է նաև 18 հազար 600 դոլարի չափով գույքի առգրավում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով մոնղոլական ԶԼՄ-ներին:
Սկզբում դատարանը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, այնուհետև ժամկետը կրճատել է` հասցնելով 3-ի:
Նախկին նախագահի հետ միասին կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ են մեղադրվել կառավարության նախկին 4 անդամներ և մեկ գործարար:
Նրա ղեկավարած Մոնղոլիայի ժողովրդահեղափոխական կուսակցության անդամները բողոքել են դատավճռի դեմ և նույնիսկ բախվել ոստիկանների հետ:
Նախկին նախագահի փաստաբանը 14 օրվա ընթացքում կարող է բողոքարկել դատարանի որոշումը: Դատավարությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Մոնղոլիայի բազմաթիվ հեռուստաալիքներով:
Գործը կարող է մեծ արձագանք առաջացնել հանրության շրջանում և ազդել երկրում քաղաքական իրավիճակի վրա, քանի որ դատավարությունից առաջ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հնարավոր է` վերանայեն հունիսի 28-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն կազմելու որոշումը:
Էնհբայարը նախագահի պաշտոնում ընտրվել է 2005 թվականին և պաշտոնավարել է մինչև 2009 թվականը:








































