Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում և քաղաքի շրջակայքում կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի և Սիրիայի Ազատ բանակի գրոհայինների միջև: «Ալ-Իհբարիա» արբանյակային հեռուստաալիքի փոխանցմամբ` ահաբեկչական խմբավորումները կենդանի ուժի և տեխնիկայի զգալի վնասներ են կրում:
Քաղաքի հարավային Սալահեդին շրջանում կառավարական ուժերը 37 գրոհայինների են ոչնչացրել, որից 6-ը` լիբիացի վարձկաններ: Հակահարձակումներ են իրականացվել նաև Ատարիբ շրջանում և Իդլիբ-Հալեպ մայրուղու վրա, որտեղ հայտնվելով ծուղակում` սպանվել են 15 ահաբեկիչներ, վիրավորվել 30-ը:
Սիրիական ընդդիմադիր հեռուստաալիքը իր հերթին հաղորդում է Հալեպից 30 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ռազմաօդային բազան գրավելու ընդդիմադիրների փորձերի մասին: Ապստամբները կիրառում են տանկեր, որոնք առգրավվել են կառավարական ուժերի կողմից: Նրանք գտնվում են բազայից 4 կմ հեռավորության վրա: Դեռևս չի հաջողվել շրջափակել օդանավակայանը, սակայն մեկ ուղղաթիռ են շարքից հանել:
Դամասկոսի հարավային շրջանում գտնվող Տադամուն թաղամասում և նրա հարևանությամբ գտնվող Յարմուկում` պաղեստինցի փախստականների ճամբարում, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Սպանվել է 12 խաղաղ բնակիչ: Գրոհայիններին ճնշելու օպերացիաները բարեհաջող են անցել Արտուզում և Բասադին-Դարայում: «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ` կառավարական զորքերին են հանձնվել զինված բանդաների տասնյակ անդամներ, շատերը գերի են ընկել:
Ռազմական գործողություններ են ընթացել Հոմսում, Համայում, Իդլիբում և Դեր-Զորում: Սիրիայի Ազատ բանակը հաստատում է, որ վերահսկողության տակ է առել Իրաքի հետ սահմանային անցակետերը:











































