Հայ ազգային կոնգրեսի ստեղծման 4-րդ տարեդարձի կապակցությամբ ամենաջերմ գնահատականները հնչում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ըստ այդ գնահատականների` Կոնգրեսը այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ծանրակշիռ կառույցներից մեկն է:
«Բարգավաճ Հայաստան»-ի այդ կեցվածքը հասկանալի է՝ Կոնգրեսը այսօր ծառայում է «Բարգավաճ Հայաստան»-ին` որպես քաղաքական կառույց, և, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ի համար Կոնգրեսը լավ կառույց է: Այլ բան է հասարակության շահը, քանի որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել «Աստծուն և մամոնային»: Հետևաբար` Կոնգրեսը կա՛մ «Բարգավաճ Հայաստան»-ին է ծառայում, կա՛մ հասարակությանը: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին ծառայելով հասարակությանը ծառայելու տարբերակը, որ փորձում են առաջ մղել Կոնգրեսի լիդերները, ոչ այլ ինչ է, քան անտրամաբանական միֆ: Անտրամաբանական այն պարզ պատճառով, որ ներկայումս Հայ ազգային կոնգրեսը մի քանի անգամ թույլ է «Բարգավաճ Հայաստան»-ից, հետևաբար մտածել, թե ԲՀԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանին հեռացնելուց հետո իշխանության է գալու ոչ թե ԲՀԿ-ն, այլ ժողովուրդը, առնվազն կա՛մ քաղաքական ոչ ադեկվատություն է, կա՛մ հակահասարակական խորամանկություն:
Թե ինչ ուժ է իրենից ներկայացնում ներկայիս ԲՀԿ-ն, որին Կոնգրեսը օգնում է գալ իշխանության, պարզ է բոլորին՝ ներկայիս ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ թիմակիցների, ինչպես նաև անսկզբունք մի շարք կամ մի խումբ պատեհապաշտների հավաքածու է: Քոչարյանական մասի համար ԲՀԿ-ն գործիք է` վերստին իշխանության գալու, իսկ մի խումբ պատեհապաշտների համար ԲՀԿ-ն ընդամենը գործիք է` իշխանության հետ լավ հարաբերություններ պահպանելու: Եթե Հայ ազգային կոնգրեսը թե՛ հասարակական, թե՛ ֆինանսական, թե՛ քարոզչական, թե՛ քաղաքական ռեսուրսով լիներ առավել ուժեղ կամ գոնե ԲՀԿ-ին հավասար, ապա գուցե այդ ժամանակ արժեր քննարկել ԲՀԿ-ի միջոցով ՀՀԿ-ին զգալիորեն թուլացնելու, Սերժ Սարգսյանին գցելու և հետո արդեն ԲՀԿ-ին խաղի նոր կանոններ պարտադրելու տարբերակը: Սակայն այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը մի քանի գլուխ բարձր է Հայ ազգային կոնգրեսից` բոլոր ռեսուրսների առումով, և Կոնգրեսի մարտավարությունը ոչ այլ ինչ է, քան ծառայություն ԲՀԿ-ի որևէ կոնտինգենտի իշխանություն բերելու հարցում:
Եվ երբ այս պայմաններում կան մարդիկ, ովքեր խոսում են չորս տարվա գործունեության ընթացքում Հայ ազգային կոնգրեսի հաջողությունների և ձեռքբերումների մասին, ապա այդ ամենն առնվազն տարօրինակ է: Չորս տարի առաջ ծնվեց քաղաքացիական աննախադեպ կառույց, որը չորս տարի հետո քաղաքական ավանդական ինտրիգների մեջ խրվեց և սկսեց ծառայել այն ուժերին, որոնք ըստ էության Հայաստանում հանդիսանում են քաղաքացիականության մրցակիցը և նույնիսկ հակառակորդը, որոնք տարիներ շարունակ պատասխանատվություն են կրել Հայաստանում կեղծված ընտրությունների, բռնությունների, սպանությունների և այլ համակարգային տնտեսաքաղաքական, սոցիալական արատների համար:
Հայաստանում քաղաքացիական որևէ կառույցի առաքելությունը պետք է լինի հասարակական-քաղաքական միտքն ու գործընթացը դուրս բերելը հայաստանյան ավանդական բանսարկությունների, կարծրատիպերի և միֆական ընկալումների տիրույթից: Այ, դա կլինի հաջողություն, համակարգային հաջողություն, մինչդեռ չորս տարիների ընթացքում Կոնգրեսը խորացավ, խրվեց այդ ամենի մեջ:
Բայց խնդիրն այստեղ շատ ավելի լուրջ է այն պատճառով, որ խրվելով հանդերձ, շարունակաբար հանդես գալով քաղաքացիական արժեքների դիրքերից` Կոնգրեսը իրականում ընդամենը պարզունակ քաղաքական ծառայություն է մատուցում հակաքաղաքացիական համակարգի մի բավական ուժեղ մասի` այդպիսով ոչ միայն ինքը մնալով խրված այն ավանդական աղբի մեջ, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում, այլ նաև համառորեն այդ աղբը պարտադրելով հասարակությանը:
Սա է, որ ծննդյան վերաբերյալ պաթետիկ գնահատականներից ավելի պետք է մտահոգի առաջին հերթին Կոնգրեսի հենց այն համակիրներին, որոնք շարունակում են ազնվորեն մնալ այդ կառույցում, որոնք իրապես շահագրգիռ են քաղաքացիական փոփոխություններով: Բանն այն է, որ այդ փոփոխությունները ներկայումս կարծես թե առաջին հերթին պետք է հենց Կոնգրեսի քաղաքական առաջնորդներին պարտադրել, որպեսզի նրանք քաղաքացիականությունը չդարձնեն ԲՀԿ-ի հետ առևտրի մանրադրամ:











































