Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը դուրս կգա Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանից և Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովից, որոնք գործում են Ամերիկյան պետությունների կազմակերպության շրջանակներում: «Դրանք պետք է անհետանան, քանի որ հնացել են և նոր աշխարհի իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Բոլիվարիական հեղափոխության առաջնորդը հիշեցրել է, որ 2002թ. ապրիլին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը «ողջունել է» պետական հեղաշրջման արդյունքում իր հեռացումը:
Չավեսի խոսքերով՝ «Վենեսուելայի համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը» եղել է վենեսուելացի Ռաուլ Դիասի գործը, որը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման: Կրելով պատժի կեսը՝ նա փախել էր ԱՄՆ, որտեղ դատի էր տվել Վենեսուելայինʽ «անմարդկային վերաբերմունքի համար»: Հուլիսի կեսին Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը վճիռ կայացրեց նրա օգտին և պարտավորեցրեց Վենեսուելյաին նրան դրամական փոխհատուցում վճարել: Վենեսուելայի արտգործնախարարն իր բողոքն է հայտնել այդ վճռին:
Այս տարվա ապրիլին Չավեսը հայտարարեց, որ Կարակասը դուրս է գալիս Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժոովից՝ նրան մեղադրելով «ԱՄՆ-ի թելադրանքով գործելու մեջ»:









































