Հերցոգուհի Քեյթը`բրիտանացի արքայազն Ուիլյամի կինը, ու արքայազն Հարրին ճանաչվել են աշխարհի «ամենալավ հագնվող մարդիկ»` ըստ GQ ամսագրի վարկածի:
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է հրատարակության խմբագրությունը: Քեյթի համարը պետք է զարդարի ամսագրի սեպտեմբերյան համարը:
Նորաձևության փորձագետները Քեմբրիջի հերցոգուհուն ընդունում են որպես նորաձևության միտումների թելադրող: Նրանց կարծիքով` Քեյթի զգեստապահարանում հաջողությամբ զուգակցվում են առաջատար ոճաբանների կողմից ստեղծված զգեստներն ու սովորական խանութներից գնված հագուստները:
Նրա սիրած դիզայներական ապրանքանիշներն են Alice Temperley-ն ու Alexander McQueen-ը:
GQ-ին հաջողվել է պարզել, որ Ուելսի արքայազն Չառլզը` Քեյթի սկեսրայրը, 55 հազար դոլար է ծախսել իր հարսի ընտրած դիզայներական զգեստի վրա:
Մինչ այդ, ինչպես գրում է ամսագիրը, Քեյթը հրաժարվել է թագավորական ընտանիքի դերձակների ծառայություններից` նախընտրելով անձամբ իր համար հագուստներ ընտրել:
Քեյթի ամուսինը` ՈՒիլյամը, տեղ չի գտել վարկանշային աղյուսակում` ի տարբերություն եղբոր` Հարրիի, որը գլխավորում է այն:
Քեյթից հետո աշխարհի ամենալավ հագնվող կանանց վարկանշային աղյուսակում տեղ է զբաղեցրել Ջեսիկա Չեսթեյնը, ապա գերմանացի դերասանուհի Դայանա Կրյուգերը, նրա չինացի գործընկեր Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ամերիկացի ֆոտոմոդել Էլետրա Ռոսելինին, երգչուհի Ալիշա Քիզը:
Քեյթը թագավորկան ընտանիքի միակ ներկայացուցիչը չէ, ով տեղ է գտել վարկանշային աղյուսակում, որտեղ տեղ են գտել նաև Քաթարի էմիրի կինը` Մոզա բինտ Նասերը, Դանիայի արքայադուստր Մերին` թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկի կինը, Մոնակոյի արքայազն Ալբերտի զարմուհին` Գրեյս Քելիի թոռնուհին` Շառլոտա Կազիրագին:
«Աշխարհի ամենաոճային զույգ» է ճանաչվել բրիտանացի դերասան Քոլին Ֆերտն ու նրա կինը` Լիվիան:
«Աշխարհի ամենայուրօրինակ հագնվող մարդ» է ճանաչվել ամերիկացի 81-ամյա լուսանկարիչ Բիլ Քանինգհեմը, որը համագործակցում է The New York Times-ի հետ:







































